երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ

Գեղարքունիքում ԵՄ դիտորդներն արձանագրել են՝ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ, կան օկուպացված տարածքներ. մարզպետ

ԵՄ դիտորդները իրականացնում են իրենց պարեկային գործողությունները, ինչը ազդեցություն է թողել հակառակորդի վրա, ակնհայտ է, որ դա ևս պատճառ է կրակոցները նվազեցնելու հարցում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանային իրավիճակին, ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Մարզպետը նշեց, որ մարզում դիտորդները ունեն 1 շտաբ, բայց դիտորդություն իրականացնում են սահմանի ամբողջ երկայնքով։

«Դիտորդների շարքերում կան մարդիկ, ովքեր արդեն արձանագրել են, որ Ադրբեջանի կողմից ագրեսիա է եղել ՀՀ սահմանների ուղղությամբ և օկուպացված տարածքներ կան։ Մեզ մոտ դիտորդական առաքելություն է իրականացնում 8 դիտորդ։ Նրանց շտաբը գտնվում է Մարտունիում, ամենօրյա հաճախականությամբ նրանք այցելում են սահման։  Դիտորդական առաքելություն իրականացնում են այնտեղ, որտեղ եղել է ագրեսիա։ Նրանց ներկայությունը կրակոցների ինտենսիվության վրա որոշակիորեն ազդել է»,- ասաց մարզպետը։

Սարգսյանը նշեց, որ մարզում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է։ Անդրադառնալով մարզից տեղահանվածների հարցին՝ մարզպետը նշեց․

«Տեղահանվածների զգալի մասը վերադարձել է, քիչ ընտանիքներ են, որ չեն վերադարձել, դրա պատճառները գնահատված են, օրինակ՝ Սոթքում ունենք ամբողջությամբ փլուզված բնակարաններ, որտեղ մարդիկ չեն կարող վերադառնալ։ Իրենց համար տներ ենք վարձել, առաջիկայում կապրեն այնտեղ։ Ընդհանուր առմամբ տեղահանվածների 90 և ավելի տոկոսը վերադարձել է։ Հիմնականում Սոթք և Կուտական բնակավայրերի բնակիչները չեն կարողանում վերադառնալ իրենց բնակավայրեր, Սոթքում խոշոր վնասներ ստացած ընտանիքներն են, իսկ Կուտականում խնդիրներ կան անվտանգության հետ կապված, գյուղը գտնվում են նշանառության տակ»։

  • Կիսվել: