հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության դիտորդական թիմին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիսի բնակավայրերում ստեղծված իրավիճակը

Գեղարքունիքի մարզպետը ԵՄ առաքելության դիտորդական թիմին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Վարդենիսի բնակավայրերում ստեղծված իրավիճակը

 Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը  Վարդենիսի համայնքապետարանում  հանդիպեց ԵՄ առաքելության դիտորդական թիմին, որը ղեկավարում էր առաքելության ղեկավարի տեղակալ Էսբեն Ռիս Պետերսոնը։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա էին  նաեւ ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Գրիգորյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, զինվորականներ։

Էսբեն Ռիս Պետերսոնը հանդիպման սկզբում տեղեկացրել է, որ Եվրամիության դիտորդների՝ Գեղարքունիքի մարզում գործունեություն իրականացնող թիմի նպատակն է պարեկություն իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածից։ Առաքելությունը կհետեւի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձեւավորելու եւ սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունել է ԵՄ առաքելության դիտորդների այցը Գեղարքունիքի մարզ, ապա հանգամանալից ներկայացրել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետեւանքով Վարդենիսի  բնակավայրերում ստեղծված իրավիճակի մասին, որն առնչվում էր տարհանված բնակչության վերադարձին, գյուղատնտեսական աշխատանքների անբավարար  ընթացքին, վնասված շենք-շինություններին, ենթակառուցվածքներին, դպրոցներին, նախադպրոցական հաստատություններին, քաղաքացիական այլ կառույցներին եւ այդ ուղղությամբ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող ու իրականացվող միջոցառումներին։

Մարզպետը հույս է հայտնել, որ ԵՄ դիտորդների մուտքը մարզ հնարավորություն կտա ավելի օբյեկտիվ գնահատել առկա իրավիճակը եւ նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը։

Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում թշնամու սանձազերծած ագրեսիայի եւ դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ԵՄ առաքելության դիտորդներին տեղեկատվություն է ներկայացրել նաեւ ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։

Հայկական կողմի ներկայացուցիչները պատասխանել են  դիտորդներին հետաքրքրող տարատեսակ հարցերի։ Վերջիններս իրենց գոհունակությունն են  հայտնել  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին եւ երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին՝ նման քննարկում ծավալելու, բովանդակալից եւ հագեցած տեղեկատվություն ներկայացնելու համար։

Այնուհետ Գեղարքունիքի մարզպետի, երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի եւ Վարդենիս  համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ԵՄ առաքելության դիտորդական խումբն այցելել է  հակառակորդի հրետակոծությունից տուժած Կուտական, Սոթք եւ Կութ բնակավայրեր՝ տեղում դիտարկելու եւ  արձանագրելու առկա վիճակը՝ իրենց հետագա գործունեության ուղղությունները նախատեսելու նպատակով։

  • Կիսվել: