հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Եթե ուղեվարձը մնար 100 դրամ, բայց նոր ավտոբուսների ուղեվարձը լիներ 150 դրամ, մարդիկ կնախընտրեին 150 դրամը.Հայկ Սարգսյան

Եթե ուղեվարձը մնար 100 դրամ, բայց նոր ավտոբուսների ուղեվարձը լիներ 150 դրամ, մարդիկ կնախընտրեին 150 դրամը.Հայկ Սարգսյան

Ցանկացած փոփոխության արդյունքում լինում են եւ դժգոհություններ, եւ գոհ կարծիքներ, բայց եթե ճիշտ է փոփոխությունը, կարճ ժամանակ հետո իր հետ բերում է վարկանիշի բարձրացում, եւ ժողովուրդը գնահատում է՝ ինչ տեղի ունեցավ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում եմ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ՔՊ-ական պատըգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով Երեւանում տրանսպորտի թանկացմանը:

«Ես տեսել եմ, որ քաղաքացիները բողոքում են հաճախ, որ ավտոբուսները ուշ-ուշ են գալիս, եւ մարդիկ  ստիպված իրար գլխի վրա լցված են երթեւեկում: Նաեւ սա է պատճառը, որ որոշում է կայացվել գները բարձրացնել»,-ասաց նա:

Հայկ Սարգսյանի ներկայացմամբ՝ ՔՊ-ի թիմը որոշում է կայացրել. «Ասել է՝ ժողովուրդ ջան, ես պետք է կազմակերպեմ քո երթեւեկությունը, որ դու «գազելներով» չերթեւեկես, «Գազելներն» էլ մասնավոր են, եթե անգամ գինը բարձրանա, դա մասնավորի գրպանն է գնալու: Գիտեք, որ նախկին քաղաքապետը, իր մերձավոր շրջապատը, թաղապետերը, կամ քրեական տարրերը, «օրենքով գողերը», գեներալները ունեցել են երթուղայինի գծեր: Նրանք հավաքել են 100 դրամները, պատշաճ ծառայություն չեն մատուցել:

Հիմա իշխանությունն ասում է՝ կամ պետք է մնա այն, ինչը կա, կամ պետք է բոլորս գումար հավաքենք, առնենք լավ տրանսպորտ ու երթեւեկենք դրանով»:

Նա հավելեց, որ այս պահին Երեւանն ունի տրանսպորտային միջոցների պակաս եւ պետք է ձեռք բերի դրանք, որ մարդիկ ժամերով կանգառներում չսպասեն. «Հիմա այդ ավել գումաները, որ հավաքագրվում է, ոչ ՔՊ-ի որեւէ անդամի է գնում, ոչ քաղաքապետին, ոչ վարչապետին, ոչ էլ մեր թիմից որեւէ մեկին»:

Հայկ Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ եթե տրանսպորտի ուղեվարձը մնար 100 դրամ, բայց նոր բերված ՄԱՆ ավտոբուսների ուղեվարձը դառնար 150 դրամ, մարդիկ կնախընտրեին երթեւեկել նոր ու հարմարավետ ավտոբուսներով, որի ներսում ձմռանը տաք է, ամռանը՝ հով, ունի wi-fi:

  • Կիսվել: