Եթե մինչեւ երկուշաբթի բան չմտածեցին, մենք քայլեր կձեռնարկենք Ապահովագրական բյուրոյի դեմ. վարորդ
Այս ամեն ինչի մեղավորը Կենտրոնական բանկն է, որ ամենաթողություն է տվել ապահովագրական բյուրոյին: Այս մասին, այսօր ԿԲ-ի դիմաց ԱՊՊԱ վճարների դեմ վարորդների բողոքի ակցիայի ժամանակ ասաց Ֆեյսբուքյան «TUGANQ տուգանք» խմբի ղոեկավար Արտակ Խաչատուրովը:
«Ապահովագրական ընկերություններն էլ մեղք չունեն, որովհետեւ այնքան են սահմանափակումներով բարձել, որ գնում են որոշակի քայլերի, որ պարտքերը փակեն: Դրա համար մեր ակցիան ուղղված է ԿԲ-ի դեմ: Երկուշաբթի թանկացումներն ուժի մեջ են մտնում, պատրաստվում ենք այդ օրը ապահովագրական բյուրոյին հիշեցնենք մեր շունչը: Եթե մինչեւ երկուշաբթի բան չմտածեցին, մենք էլ կմտածենք համարժեք քայլեր կձեռնարկենք Բյուրոյի դեմ»,-ասաց նա։
Ակցիայի մասնակիցները չեն հավատում, որ ԿԲ շենքից որևէ մեկը իրենց կմոտենա, իրենց հետ կխոսի։ Դուռն էլ փակ է։
«Գիտեն ակցիայի մասին, տեղյակ են պահանջներին։ Ժամանակ կտանք, թող մտածեն»,-ասաց նա:
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ «Չի թանկանալու» պաստառներ են պատրաստել հատուկ բողոքի ակցիայի համար:
«Ապահովագրական պորտֆելը տարեկան կազմում է 22 մլրդ դրամ, մենք ասում ենք՝ հիմնավորեք, որ փոփոխությունից հետո այդ 22 մլրդ դրամը չի գերազանցի: Եթե գերազանցելու է, ուրեմն դիտավորյալ տանում եք թանկացման»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նշենք, որ վարորդներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Կենտրոնական բանկի դիմաց. նրանք բողոքում են ԱՊՊԱ վճարների բարձրացման դեմ: