երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Քաղաքացին այլևս ստիպված չի լինի ԱՊՊԱ ունենալու ապացույցը տուգանվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ներկայացնել իրավապահներին. նախագիծ

Քաղաքացին այլևս ստիպված չի լինի ԱՊՊԱ ունենալու ապացույցը տուգանվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, ներկայացնել իրավապահներին. նախագիծ

Երբ ԱՊՊԱ պայմանագիր չկնքած քաղաքացին տուգանվում է Պարեկային ծառայության կողմից, ըստ գործող օրենքի՝ նա պետք է վճարի 100 հազար դրամ տուգանք: Այս տուգանքին զուգահեռ գործում է նաև խրախուսող նորմ, ըստ որի՝ քաղաքացուն հնարավորություն է տրվում վճարել տուգանքի 25 տոկոսը՝ 25 հազար դրամը, եթե խախտման արձանագրումից հետո՝ 24 ժամվա ընթացքում, քաղաքացին կնքի ԱՊՊԱ պայմանագիր և այն կներկայացնի իրավապահ մարմիններին՝ Պարեկային ծառայությանը: Այդ մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

«Ըստ առաջարկվող փոփոխության՝ քաղաքացին այլևս պարտավորված չի լինի նշված կտրոնը ֆիզիկապես ներկայացնել Պարեկային ծառայությանը, քանի որ այդ տեղեկատվությունը պայմանագրի կնքման պահից ի վեր հասանելի է համապատասխան առցանց հարթակում, որը հասանելի է նաև Պարեկային ծառայությանը»,- ասաց Աղաջանյանը և հավելեց, որ նախագծի ընդունման արդյունքում կթեթևանա Պարեկայն ծառայության վարչարարությունը, մյուս կողմից` քաղաքացիները կազատվեն անիմաստ բյուրոկրատական քաշքշուկներից:

Անդրադառնալով նախագծին՝ հարակից զեկուցող Արմեն Խաչատրյանը հայտարարեց. «Քաղաքացին այլևս ստիպված չի լինի ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ապացույցը ներկայացնել ոստիկանություն»:

  • Կիսվել: