երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ՀՀ Ավտոապահովագրողների բյուրոյի պարզաբանումները՝ ԱՊՊԱ գների ազատականացման վերաբերյալ

ՀՀ Ավտոապահովագրողների բյուրոյի պարզաբանումները՝ ԱՊՊԱ գների ազատականացման վերաբերյալ

ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարներն ազատականացվել են, այսինքն՝ ապահովագրական ընկերություններին հնարավորություն է տրվել սեփական մոդելի հիման վրա՝ գին-որակ համադրությամբ, ծառայություններ առաջարկել վարորդներին: Ապահովագրավճարների ազատականացումը ենթադրում է նաև մինչ օրս գործող պարտադիր սահմանաչափերի փոփոխություն։ Դրանք կախված կլինեն ներդրվող գործակիցների և բանաձևերի հաշվարկներից։ Անկախ շուկայի ազատականացումից, ոլորտը վերահսկելու է ավտոապահովագրողների բյուրոն՝ կանխելու ընկերությունների կամայական մոտեցումներն ու չհիմնավորված գնային սահմանաչափերը։

Ոլորտում անցումն ազատականացման համարվում է ուշացած։ Պատճառը էլեկտրոնային հստակ բազա չունենալն էր, չկային մշակված գնագոյացման և փոխհատուցման հստակ չափորոշիչներ։

Սակայն դեռևս ամբողջական ազատականացում չի կատարվել, մինչ այժմ գործող որոշ դրույթներ մնացել են անփոփոխ: Այս մասին նշում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանը։

«Լրիվ ազատ չէ, որ ինչ ուզեն անեն, կան վերին սահմաններ, որ չեն կարող գերազանցել։ Ընկերությունները չեն կարող վաղն արթնանալ ու ասեն՝ հիմա էլ էս գինն ենք սահմանում․․․ Իրենք պիտի գնագոյացման մոդելներ ունենան։ Գների ազատականացումը հնարավորություն է տալիս ընկերություններին մրցել իրար հետ։ Եթե ընկերությունը ավելի արդյունավետ է աշխատում, կարող է ծախսերի կրճատում անի կարող է իր գործունեությունը կազմակերպի այնպես, որ ավելի ցածր կարողանա փաթեթները վաճառի, այսպես, բնականաբար, ավելի շատ հաճախորդ ներգրավելու հնարավորություն կունենա»,- պարզաբանում է Վաղինակ Եղիազարյանը։

Գնագոյացման մոդելները բոլոր ընկերությունները ներկայացնելու են ավտոապահովագրողների բյուրո, որը միակ վերահսկող կառույցն է, որտեղ հաստատվելու կամ մերժվելու են ընկերությունների մշակած բանաձևերը: Լինելու են տարբեր չափորոշիչներ, որոնք էլ ազդելու են գնագոյացման և մրցակցային շուկայի առաջարկների վրա:

Ազատ գնային քաղաքականության հարցում կարևոր դերակատարում դարձյալ կունենան ապահովագրական ընկերությունների գործակալները։ Նրանք միջնորդավճարների հաշվին ավելի շատ վարորդների հետ պայմանագրեր կնքելու հնարավորություն կունենան, նաև մինչ այժմ գոյություն ունեցող ռիսկային խմբերի վարորդների հետ փոխհատուցման նոր սահմանաչափեր կորոշեն։

«Ապահովագրավճարները քանի որ ազատ չէին, դրանք չէին համապատասխանում իրական ռիսկերին, իսկ ապահովագրական ընկերություններն էլ փորձում էին այդ խնդիրը լուծել գործակալների լայն ցանց ունենալու միջոցով՝ միջնորդավճարային քաղաքականությամբ Մի տեղ շատ տալ, մի տեղ քիչ տալ, մի տեղ ընդհանրապես չտալ, այսինքն՝ անուղղակիորեն ազդելով վերջնական գնի վրա, նաև գնահատելով ռիսկերը։ Հիմա ևս այդ մոտեցումը կպահպանվի։ Օրինակ, խնդիրներ էին լինում․ տաքսու վարորդները չէին կարողանում պայմանագիր կնքել, որովհետև իրենք ռիսկային էին համարվում»,- շեշտում է ՀՀ Ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը։

Անկախ գնային ազատականացումից, բոլոր տրանսպորտային միջոցների համար չեն փոխվելու հիմնական ու բազային ապահովագրավճարների չափերը: հիմնականի դեպքում նորից վարորդները տարեկան վճարելու են 41000դրամ, գնագոյացման դեպքում կարևոր կմնան ավտոմեքենայի մակնիշը, ձիաուժը, վարորդի ստաժն ու այլ գործակիցներ։ Ապահովագրավճարի բազային առավելագույն շեմը մնում է նույն սահմանին՝ 102.500 դրամ:

Աղբյուրը՝ shantnews.am:

  • Կիսվել: