Երևանում մեկնարկել է հայկական երկաթուղու հարցերով Հայաստան–Ռուսաստան աշխատանքային խմբի առաջին հանդիպումը
Երևանում մեկնարկել է «Հարավկովկասյան երկաթուղիների» (ՀԿԵ) կոնցեսիայում գտնվող հայկական երկաթուղու գործունեության հարցերը քննարկելու նպատակով հայ–ռուսական աշխատանքային խմբի առաջին հանդիպումը:
ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնեցին, որ հանդիպումն անցկացվում է փակ ձևաչափով՝ առանց լրատվամիջոցների մասնակցության, ավելի ուշ պաշտոնական հաղորդագրություն կհրապարակվի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, որի նպատակն է լուծումներ գտնել հայկական երկաթուղու գործունեությանն առնչվող հարցերին։
Հայկական կողմից այն գլխավորում է ՏԿԵ նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը: Ռուսական կողմից ընդգրկվել են ՌԴ տրանսպորտի փոխնախարար Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին:
Նշենք, որ այս ՀԿԵ–ի խնդիրը ծագել է այս տարվա սկզբին, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռուսական ընկերության կողմից երկաթուղիների կառավարումը «Հայաստանին զրկում է ռազմավարական դիրքերից և մրցակցային առավելություններից»։ Ավելի ուշ նա Մոսկվային առաջարկեց դիտարկել կոնցեսիան բարեկամ 3–րդ երկրին հանձնելու հնարավորությունը՝ պոտենցիալ տարբերակների թվում նշելով, մասնավորապես, Ղազախստանը։



