ԱԺ-ն քննարկում է առողջության իրավունքի վերաբերյալ Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթի վավերացման հարցը
2003-ին ՀՀ-ն ստորագրել և վավերացրել է Եվրոպական սոցիալական խարտիան՝ մեկ հոդվածի վերապահումով․ դա 11-րդ հոդվածն է, որը վերաբերում է մարդկանց առողջության իրավունքին և միտված է նրան, որ երկրները հանձնառություն ստանձնեն մարդու առողջության իրավունքի ապահովման հարցում։ Այդ մասին Ազգային ժողովի՝ նոյեմբերի 17-ի նիստին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«ՀՀ-ն այդ ժամանակ, ըստ էության, իր այդ պարտավորությունն իրացնելու շատ հստակ շրջանակ չի ունեցել, նաև այդ պատճառով է, որ 11-րդ հոդվածը չի վավերացրել, ձեռնպահ է մնացել։
Սակայն հիմա, երբ մենք արդեն իսկ փաստացի իրացնում ենք մեր քաղաքացիների առողջության իրավունքը և այս ճանապարհով ենք ընթանում՝ տարեցտարի ընդլայնելով հասանելի բժշկական ծառայությունները, բարձրացնելով դրանց որակը, ապահովելով դրանք նաև տարածքային համաչափ զարգացման համատեքստում, արդեն ժամանակի հրամայականն է, որ Հայաստանը վավերացնի նաև այս հոդվածը»,- ասաց նա։
Հարակից զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն իր հերթին նշեց, որ այս հոդվածի ներքո կողմերն ունեն 3 հիմնական պարտավորություն՝ հնարավորինս վերացնել վատ առողջության պատճառները, ապահովել խորհրդատվական և կրթական հնարավորություններ՝ առողջությանը նպաստելու և առողջության հարցերում անհատի պատասխանատվությունը խրախուսելու նպատակով, ինչպես նաև հնարավորինս կանխել համաճարակային, տեղական, էնդեմիկ և այլ հիվանդություններն ու դժբախտ պատահարները։



