Ընդդիմությունը շարունակելու է քաղաքացիներին իրազեկել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշման մասին․ Վարդևանյան
Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ընդդիմությունը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է ներկայացնի քաղաքացիների հնարավորինս լայն շրջանակի։
Նրա խոսքով՝ այդ նպատակին են ուղղված նաև իրազեկման ակցիաները, որն անցկացնում է ընդդիմությունը։
Վարդևանյանը նոյեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանել է հարցին, թե ինչու է ընդդիմությունն իրազեկման ակցիաներ իրականացնում, եթե վստահ է, որ խորհրդարանում սահմանադրական փոփոխություններին անհրաժեշտ ձայները չեն ապահովվելու։
Հիշեցնենք, որ Սահմանադրության նոր նախագիծը համաժողովրդական հանրաքվեի դնելուն պետք է հավանություն տա Ազգային ժողովը, իսկ Ազգային ժողովում իշխող ուժը չունի բավարար ձայներ, որպեսզի կարողանա հարցը հանրաքվեի ներկայացնել։ Դրա համար իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանն անհրաժեշտ է ևս 6 ձայն, իսկ ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են, որ դեմ են քվեարկելու նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու հարցին։
«Մեր կողմից ներկայացված քաղաքական դիրքորոշումը նաև պետք է մեր հայրենակիցների հնարավորինս լայն շրջանակի ներկայացվի։ Մեր հայրենակիցներից շատերը, ցավոք սրտի, որոշակի տեղեկատվական վակուումի պայմաններում բավարար տեղեկացված չեն արտաքին պարտադրանքով թելադրված սահմանադրական օրակարգի մասին, որը տեղի է ունենում Հայաստանում։ Մենք մեր դիրքորոշումը հստակ ընդգծել ենք, որ մենք նշվածը թույլ չենք տալու, բայց նաև մեր հայրենակիցները պետք է տեղեկացված լինեն»,- ասել է Վարդևանյանը՝ նկատի ունենալով ընդդիմության այն պնդումը, թե Սահմանադրության նոր նախագիծը, որն առաջիկայում հրապարակելու է ՀՀ իշխանությունը, պարտադրված է Ադրբեջանի կողմից։
Նրա խոսքով՝ հաճախ քաղաքացիները խորհրդարանում կայացված որոշումների կամ ներկայացված դիրքորոշումների մասին տեղեկանում են ավելի ուշ, ուստի ընդդիմությունը կարևորում է այս փուլում իրազեկումը։
Վարդևանյանը սահմանադրական փոփոխությունների օրակարգը կապել է Ադրբեջանի պահանջների հետ՝ պնդելով, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել են Ադրբեջանի առաջադրած նախապայմանի մասին, այն է՝ «քանի դեռ Հայաստանը չի փոխել իր Սահմանադրությունը, Ադրբեջանը չի ստորագրի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը»։
Նա նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի Սահմանադրության նախաբանում անկախության հռչակագրերին կատարված հղումների վրա՝ քննադատելով այդ հարցի շուրջ քննարկման բացակայությունը՝ընդգծելով, որ հենց Ադրբեջանի Սահմանադրությունն է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներառում։



