Երևանի «սառեցված» շինարարությունները. ում են պատկանում և ինչու չեն ավարտվում
Քրիստինա Բորիսենկոն իր ամուսնությունը գրանցել է Երիտասարդական պալատում։ «Մենք ոչ միայն ԶԱԳՍ գնացինք այնտեղ, այլև մեր հարսանիքը նշեցինք հենց ԶԱԳՍ-ի բարում։ Շատ լավ ժամանակներ էին»,- նշում է Բորիսենկոն։
Երևանի խորհրդանիշներից մեկի՝ 1979-ից գործող «կրծած կուկուռուզի» պտտվող հատակով սրճարանի, լողավազանի, կանաչ բարի, Ամուսնության պալատի մասին միայն հուշեր են մնացել։
18 հարկանի կառույցի տեղում արդեն 18 տարուց ավելի է՝ դատարկություն է։ Նման ճակատագրի են արժանացել նաև քաղաքի այլ շինություններ, որոնց տեղում նախատեսված էր նոր կառույցներ հիմնել։ Սակայն շինարարական աշխատանքները տարբեր պատճառներով ավարտին չեն հասցվել։ Արդյունքում մնացել են կիսակառույց շինություններ ու խոշոր փոսորակներ, որոնք ոչ միայն աղավաղում են քաղաքի տեսքը, այլև լրացուցիչ փոշու աղբյուր են։
#CivilNetCheck-ը փորձել է հասկանալ, թե ում են պատկանում այդ տարածքները, ինչու են հայտնվել նման վիճակում և ինչ օրենսդրական մեխանիզմներ կան՝ խրախուսելու շինարարությունն ավարտին հասցնել։
Երևանի կորսված խորհրդանիշը՝ Երիտասարդական պալատ, Սարալանջի 1
2004-ին վաճառվեց Երիտասարդական պալատի (Կուկուռուզնիկ) շենքը և հարակից տարածքը։ Գնորդն ավտոմեքենաների առևտրով զբաղվող «Ավանգարդ Մոթորս» ընկերությունն էր՝ ի դեմս սեփականատեր Էդվարդ Ավետիսյանի։
2005-2006-ի ընթացքում գնորդն ամբողջությամբ քանդեց Երիտասարդական պալատի շենքը: 2009-ին հայտարարվեց ճարտարապետների մրցույթ՝ պալատի տեղում գործարար կենտրոն կառուցելու համար։ Հաղթեց ճապոնացի ճարտարապետ Կիոկազու Արայի ներկայացրած նախագիծը, ինչը, սակայն, իրականություն չդարձավ։
2023-ին դատախազությունը հայտնեց, որ Երիտասարդական պալատի հողամասն օրենքի խախտմամբ օտարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ։
Հաղորդագրության համաձայն՝ տարածքը վաճառվել էր շուկայականից անհամեմատ ցածր գնով։ #CivilNetCheck-ին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործը հիմնական դատալսումների փուլում է։
Ներկայում տարածքը ծառայում է որպես ավտոկայանատեղի, իսկ քանդված շենքի փոխարեն նոր շինություն կառուցելու հետ կապված հետագա հարցերը հնարավոր է քննարկել միայն, երբ ավարտվի դատական գործը։
Կրթության նախարարության շենքը՝ պատմամշակութային հուշարձանների ցանկից դուրս, Խորենացի 13
1950-ականներին կառուցված Խորենացի 13 հասցեում գտնվող շենքը, որտեղ նախկինում եղել է Կրթության և գիտության նախարարությունը, 2004-ին մասնավորեցվեց Գաֆեսճեան ընտանիքի կողմից։
Սեփականատերը մասնակի քանդել էր շենքը, որից պահպանվել էր միայն ճակատային հատվածը։ 2017-ին տարածքը ձեռք բերեց շվեցարահայ գործարար Վարտան Սիրմակեսին պատկանող «Արմսվիս Փրոփերթիս» ՓԲԸ-ն, որն էլ 2019-ին քանդեց այն, ինչ մնացել էր շենքից։ Շենքի քանդումը լայնորեն լուսաբանվեց մամուլում։ Քաղաքապետարանը հայտարարել էր, որ շենքն ընգկրված չէ 2004-ին հաստատված պատմամշակութային հուշարձանների պետական ցանկում։
Այնուամենայնիվ, Երևանի քաղաքապետի նախկին մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը 2019-ին հայտնել էր, թե սեփականատերը քաղաքապետարանի հետ համաձայնության է եկել նոր նախագծում ճակատն ինչ-որ կերպ պահպանելու շուրջ։
«Դա կարելի է համարել հենց քաղաքային իշխանության և սեփականատիրոջ միջև փոխզիջման արտահայտություն»,- ասել էր նա։
Քաղաքապետարանն անգամ հրապարակել էր կառուցվող բիզնես կենտրոնի էսքիզային երկու տարբերակ, որտեղ ճակատային մասը վերականգված էր նոր մոտեցմամբ:
Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ 2019-ին շվեցարահայ գործարարին պատկանող ընկերությունը քաղաքապետարանից ստացել է շինթույլտվություն հասարակական շինություն կառուցելու համար։ Շինթույլտվության ժամկետը սպառվել է, և «Արմսվիս Փրոփերթիս»-ը 2023-ին դիմել է շինթույլտվության ժամկետը երկարացնելու համար։ Երևանի քաղաքապետարանը 2024-ին մեկ տարի ժամկետով երկարացրել է շինթույլտվության ժամկետը։
«Արմսվիս Փրոփերթիս»-ից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան ասացին, որ բիզնես կենտրոնի կառուցման շինաշխատանքները ավարտական փուլում են։ Սակայն շինարարության փուլերում պարզ է դարձել, որ շենքի ճակատային մասը վերականգնելու մտահաղացումն անհնար է իրագործել։
«Հարկ ենք համարում տեղեկացնել նաև, որ քանդված ճակատային հատվածը վերականգնելու պարտավորություն չենք ունեցել»,- ասված է ընկերության պատասխանում։
Նախկին «Սևան» հյուրանոցի տարածքը, Վազգեն Սարգսյան 1
Խորենացի 13 հասցեի անմիջապես կողքին գտնվող տարածքում նախկին «Սևան» հյուրանոցն էր։ Շենքը բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցվել է 1997-ին և դարձել «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերության սեփականություն՝ ի դեմս բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանի:
2004-ին Կենտրոն համայնքի թաղապետ Գագիկ Բեգլարյանը շենքի անկայուն սեյսմիկ վիճակի պատճառաբանությամբ այն քանդելու թույլտվություն է տվել: 2015-ին կառավարությունը նախագիծ էր ներկայացրել՝ «Կարուսել Իսթաբլիշմենթին» պատկանող Վազգեն Սարգսյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը փոխանակել Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ։ Այդ ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ Վաչե Մանուկյանի հետ համաձայնություն է ձեռք բերվել մոտ 60 մլն դոլարի ներդրում կատարելու շուրջ։ Նախատեսվում էր կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որի շինարարական աշխատանքները պետք է սկսվեին 2016-ին։
Կադաստրի փաստաթղթերի համաձայն, սակայն, Վազգեն Սարգսյան 1 հասցեի անշարժ գույքը մինչ օրս պատկանում է «Կարուսել Իսթաբլիշմենթին»։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից (ՏԿԵՆ) #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ հետագա քննարկումների արդյունքում կառավարությունը չի ընդունել գույքերի փոխանակման մասին որոշման նախագիծը։
ՏԿԵՆ-ից #CivilNetCheck-ին մանրամասներ չեն հայտնել, սակայն նշել են, որ ներկայում ընկերության հետ քննարկումների մեջ են։
«Ներկա պահին «Կարուսել Իսթաբլիշմենթ» ընկերության հետ քննարկվում են խնդրո առարկա հարցի կարգավորմանն ուղղված հնարավոր տարբերակները»,- ասված է ՏԿԵՆ-ի պատասխանում։
Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ին տեղեկացրին, որ ընկերությունը վերջին անգամ 2009-ին ընդամենը նախագծման թույլտվույթուն է ստացել, որի ժամկետը սպառվել է, հետագայում քաղաքաշինական փաստաթղթեր չեն տրամադրվել։
Աբովյան 4 հասցեում գտնվող փոսորակը
Աբովյան 4 հասցեում գտնվող տարածքը, որտեղ նախկինում գործում էր «Միլանո» խանութը և մի շարք այլ կառույցներ, 2007-ին ճանաչվել են հանրային գերական շահ։ Տարածքը նախկինում պատկանել է «Օլիմպ» արտադրական կոպերատիվին։ 2007-ին տարածքը ձեռք է բերել «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն՝ ի դեմս սեփականատեր Ավեդիս Կարագուլյանի։ Վերջինս տարածքի գնահատում է իրականացրել և առաջարկել նախկին սեփականատիրոջը պայմանագիր կնքել ու ազատել տարածքը։ «Օլիմպ» կոպերատիվի սեփականատեր Հովհաննես Ղուկասյանը, սակայն, չի համաձայնել առաջարկված գնին։ Համաձայնության չգալով՝ «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ն դիմել է դատարան՝ նախկին սեփականատիրոջը պայմանագիր կնքել հարկադրելու և տարածքից վտարելու պահանջով։ Դատարանը բավարարել է «ԱՎՈ Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ի պահանջը և 2010-ին նախկին սեփականատիրոջը վտարել են տարածքից։ «Օլիմպ» կոպերատիվն իր հերթին բողոքարկել էր դատարանի վճիռը Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններում։
Ներպետական ատյաները սպառելուց հետո «Օլիմպ» կոպերատիվի սեփականատերը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը 2022-ին վճռել է, որ խախտվել է դիմումատուի սեփականության պաշտպանության իրավունքը։
#CivilNetCheck-ի հետ զրույցում «Օլիմպ» կոպերատիվի փաստաբան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ ՄԻԵԴ-ի վճռից հետո նորից հետ են եկել Վճռաբեկ դատարան, որն էլ իր հերթին բեկանել է դատական ակտն ու նորից ուղարկել գործն առաջին ատյանի դատարան։
«Այդ շինությունը երեք հարկանի է եղել, նկուղ է ունեցել, իրենք փոխհատուցել էին միայն առաջին հարկի դիմաց, այն էլ շուկայականից բավականին էժան: […] Այդ նույն հայցն է քննվում, դատարանը պետք է որոշի, թե օտարումը ինչ գնով պետք է լինի»,- նշեց Տիգրան Հայրապետյանը։
Այս դեպքում ևս շուրջ 20 տարի է՝ տարածքը կիսաքանդ է։
Արամի 38, 32 և հարակից տարածք․ «Սոգլասիե Արմենիա», Լյուբով Փիլոյան
Արամի 32 հասցեում գտնվող նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի 6198 քմ տարածքը 2001-ին վաճառվել է «Սոգլասիե-Արմենիա» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն է։
Ընկերությունը նախատեսում էր վերակառուցել հանրախանութը, կառուցել բարձրահարկ շենքեր և հյուրանոցային համալիր։ Այդ նպատակով 2008-ին գնվեց նաև հարակից 780 քմ տարածքը։ Հանրախանութը վերակառուցելու համար շինթույլտվություն առաջին անգամ ստացվել է 2002-ին և պարբերաբար երկարաձգվել՝ վերջինը մինչև 2025-ի օգոստոս։
Ընկերության պնդմամբ՝ բազմաբնակարան շենքերն արդեն ավարտված են, իսկ առևտրի կենտրոնի աշխատանքները՝ ավարտական փուլում։ Սակայն հյուրանոցային համալիրի հետ կապված առաջացել են խնդիրներ, քանի որ գնված տարածքի մաս կազմող 332 քմ հողամասի շուրջ ծագել է վեճ։
Բանն այն է, որ այդ հողամասը նախկինում կառուցապատման իրավունքով տրվել էր Լյուբով Փիլոյանին, հետո այդ որոշումը չեղարկվել է, և 2008-ին տարածքը վաճառվել է «Սոգլասիե-Արմենիա»-ին։ Դատական երկարատև վեճերից հետո, որոնք հասան մինչև ՄԻԵԴ, կառավարությունը 2020-ին որոշեց տարածքը վաճառել Փիլոյանին։
«Սոգլասիե Արմենիա»-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ 332 քմ-ն Փիլոյանների ընտանիքին անցնելուց հետո հյուրանոցային համալիրի այլ նախագիծ են ներկայացրել, սակայն ներկայացված երեք տարբերակներն էլ մերժվել են։
Ներկայում կողմերի միջև շարունակվում է վեճը սերվիտուտի (հողամասի սահմանափակ օգտագործման իրավունք) իրավունքի շուրջ։ Փիլոյանները չեն կարողանում մուտք գործել իրենց տարածք, իսկ «Սոգլասիե-Արմենիան» 2024-ին դատարան է դիմել՝ պահանջելով դադարեցնել 0,039 հա մակերեսով սերվիտուտի իրավունքը։ Ընկերությունը նաև դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով փոխհատուցում։
Բաղրամյան 37 և 39 հասցեների փոսորակը
Բաղրամյան 37 և 39 հասցեների տեղում թեև նախկինում քաղաքի խորհրդանիշ կամ պատմամշակութային շենք չի եղել, բայց այս հասցեում արդեն 17 տարի է, ինչ դատարկ տարածք է։
Այստեղ նախատեսվում էր բազմաբնակարան բնակելի շենք կառուցել։ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ շենքը կառուցելու համար 2008-ին կառուցապատող «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ին տրվել է շինթույլտվություն, որը սպառվել է 2011-ին։ «Վալենսիա» ՍՊԸ-ի հիմնադիրը «Ջրաշխարհի» Խաչիկ Խաչատրյանն է։ Կառուցապատողը, սակայն, որևէ շինարարական աշխատանք չի իրականացրել այս ընթացում։ Քաղաքապետարանից հայտնում են, որ այս տարածքում տեղի է ունեցել սեփականատերերի փոփոխություն, և 2024-ի փետրվարին բազմաբնակարան շենքի կառուցման նպատակով «Բաղրամյան Բիլդինգ» ՍՊԸ-ին տրամադրվել է նախագծման թույլտվություն։
Ի դեպ, «Բաղրամյան Բիլդինգ» ՍՊԸ-ն նույն «Վալենսիա» ՀՁ ՍՊԸ-ի իրավանախորդ կազմակերպությունն է։
«Բաղրամյան Բիլդինգ»-ի հետ հնարավոր չեղավ կապ հաստատել։
Կիսակառույց շինություններ, Խանջյան 29 և Աճառյան 40/9
Խանջյան 29 և Աճառյան 40/9 հասցեների տարածքները նախկինում պատկանել են գործարար Աբրամ (Համլետ) Ամիրխանյանին։ Գործարարը նախատեսում էր Խանջյան 29 հասցեում բազմաբնակարան շենք, իսկ Աճառյան 40/9 հասցեում հյուրանոց կառուցել։
Երևանի քաղաքապետարանից #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ Ամիրխանյանին պատկանող «Լևոն Ամիրխանյան» ՍՊԸ-ն Խանջյան 29-ում շենք կառուցելու համար 2009-ին և 2010-ին ստացել է շինթույլտվություն, որոնց ժամկետներն ավարտվել են 2014-ին։
Համլետ Ամիրխանյանը 2015-ին ինքնասպան եղավ։ Գործարարի ինքնասպանությունից հետո պարզվեց, որ նա պարտքեր է ունեցել, իսկ նշված երկու հասցեների ու այլ հասցեներում ունեցած իր գույքը գրավադրել է Հայաստանի տարբեր բանկերում։
Hetq.am-ը 2018-ին հրապարակել է Ամիրխանյանի՝ ինքնասպանություն գործելուց առաջ թողած նամակը, որտեղ գործարարը պատմել է, թե ինչպես է սնանկացել՝ դրա մեջ մեղադրելով ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին։
Խանջյան 29 հասցեի բնակարանների մեծ մասը վաճառված է եղել տարբեր քաղաքացիների։ Սակայն քանի որ ընկերությունը սնանկ է ճանաչվել, շինաշխատանքները կասեցվել են։ Դատական տեղեկատվական համակարգում (datalex.am) դատական բազմաթիվ հայցեր կան Խանջյան 29-ում բնակարաններ գնած քաղաքացիներից։
Կադաստրի կոմիտեից ստացված տվյալների համաձայն՝ 2022-ի նոյեմբերից գույքի սեփականատերն է դարձել «Խանջ 29» ՍՊԸ-ն։ Ընկերությունը պատկանում է Լիաննա Հենրիկի Նիկոլայանին։ Այսինքն՝ գույքը դուրս է եկել սնանկության վարույթից։
Հատկանշական է, որ «Խանջ 29» ընկերության տնօրեն Դավիթ Ավետիսյանը ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ փոխկապակցված «Յունինեթ» ՍՊԸ-ի տնօրենն է։
«Խանջ 29» ընկերությունը հիմնադրվել է գույքը ձեռք բերելուց ամիսներ առաջ՝ 2022-ի ապրիլին։ #CivilNetCheck-ին չհաջողվեց կապ հաստատել ընկերության հետ։
Փոխարենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը հայտնեց, որ քաղաքապետարանը ներկայում քննարկում է Խանջյանի նոր կառուցապատողին շինթույլտվություն տալու հայտը։
«Շատ շուտով, կարծում եմ, շինարարության թույլտվություն կստանան, և շինարարական աշխատանքները կավարտվեն այդ տարածքում»,- ասաց Խոջայանը։
Ինչ վերաբերում է Աճառյան 40/9 հասցեում կառուցվող հյուրանոցին, ապա կառուցապատողը Ամիրխանյանի «Վենեցիա Պլազա» ԳՍ ՍՊԸ-ն էր, որը դեռ 2011-ին էր շինթույլտվություն ստացել, սակայն գործարարի մահից հետո շինարարությունը դադարեցվել էր։
Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով՝ 2018-ից գույքի նոր սեփականատերն է «Բրենդեն հոթել» ՍՊԸ-ն, որի 41%-ը պատկանում է Հասմիկ Ոսկանյանին, 20%-ը Դավիթ Սարիբեկյանին, իսկ 39%-ը՝« Դի ընդ Էյջ Գրուպ» ՍՊԸ-ին։ «Դի ընդ Էյջ Գրուպի» և «Բրենդեն հոթել» ընկերությունների տնօրենը նախկին բանկիր, ներկայում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի որդին է՝ Արամ Կարամանուկյանը։
«Բրենդեն հոթել» ընկերությունից #CivilNetCheck-ի հարցին, թե արդյոք պատրաստվում են շինարարությունն ավարտին հասցնել, հայտնեցին, որ հարևանն արգելափակել է շինության մուտքը, դրա հետ կապված 2016-ից ընթանում է դատական վեճ։ Վեճը լուծելուց հետո միայն հնարավոր կլինի շարունակել շինարարությունը։
Բացի այդ, 2011-ին ներկայացված նախագծով համալիրի նշանակությունը եղել է հյուրանոց-կազինո, որն ըստ նոր սեփականատեր «Բրենդեն հոթելի»՝ ներկայում տնտեսապես ակտուալ չէ, և ընկերությունը պատրաստվում է մուտքը բացելուց հետո իրականացնել նախագծի փոփոխություն։
Նախագիծը փոփոխելը, սակայն, խնդրահարույց է, քանի որ 2011-ին համաձայնեցված ճարտարապետաշինարարական նախագծում համալիրի մի մասը նախկին սեփականատերը 2012-ին բաժանել է հողի բաժնեմասերի, և առանձին բաժնեմասեր պարտքի դիմաց վաճառել։
Այսինքն՝ հողի բաժնեմասերի ներկայիս սեփականատերերը հանդիսանում են մեկ միասնական նախագծով համակառուցապատողներ, որոնց միջև դեռ բանակցություններ են ընթանում։
«Դեռ բանակցվում է միմյանցից բաժնեմասերի ձեռքբերման կամ կառույցի հետագա շարունակման գործառույթների բաշխման հարցը, որից հետո միայն կարող է մեկնարկել նախագծի բաժանման, նոր շինթույլտվությունների ստացման և կառույցի ավարտի գործընթացը»,- ասված է պատասխանում։
Ստացվում է, որ շինարարությունը դարձյալ անորոշ ժամանակով ձգձգվելու է։
Երևանի ամենամեծ փոսորակներից մեկը՝ ամբողջությամբ կառուցելու նոր խոստումներով
Երևանի կենտրոնի ամենախոշոր փոսորակներից է նաև Կասկադի վերնամասի լքված շինհրապարակը։
2002-ին «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն հանձնվեցին 1976-1988-ին կառուցված «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները:
2002-ին Ազգային ժողովն օրենք ընդունեց, որով հինգ տարով հարկային արտոնություններ տրվեց հիմնադրամին՝ թանգարանի և կասկադի համալիրի կառուցման նպատակով։ 2009-ին տեղի ունեցավ «Գաֆէսճեան արվեստի կենտրոնի» բացումը։ Հետագայում, սակայն, շինարարական աշխատանքները դադարեցին։
Ստացվում է, որ 20 տարուց ավելի է, ինչ Կասկադն ամբողջացված չէ։ Սակայն երկու տարի առաջ՝ 2022-ի սեպտեմբերի 23-ին Երևանի քաղաքապետի որոշումով Երևան քաղաքին վերադարձվեց Կասկադ համալիրի վերին հատվածը։
Արդեն 2024-ի սեպտեմբերին քաղաքապետարանը ներկայացրեց համալիրի ամբողջական նորոգման երկու նախագիծ՝ քաղաքացիներին խնդրելով քվեարկել դրանցից մեկի օգտին։ #CivilNetCheck-ի հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ հավանության է արժանացել ֆրանսիացի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի նախագիծը։
Երևանի քաղաքապետարանն այս տարվա հունվարի 17-ին արդեն նախագծի իրականացման իրավունքի (հաղթած նախագծի հիման վրա – խմբ․) շնորհման բաց մրցույթ հայտարարեց, որում հաղթեց «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն։
Գործող կարգավորումները՝ շինարարությունն ավարտին հասցնելու համար
Կադաստրի կոմիտեից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ 2025-ի հունվարի դրությամբ Երևանում 1657 անավարտ շինություն կա, որից 603-ը ինքնակամ կառույցներ են։
Կոմիտեի համաձայն՝ մինչև շինթույլտվության ժամկետի ավարտը տարածքի սեփականատերը կամ կառուցապատողը գույքահարկ է վճարում միայն հողատարածքի համար։ Շինարարության ավարտից հետո՝ նաև շինության համար։
Նոր փոփոխությունները՝ շինարարությունն ավարտին հասցնելը խրախուսելու համար
Կառավարությունը 2022-ին դեկտեմբերի 1-ին «Հարկային օրենսգրքում» և մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ կատարեց, որոնց նպատակն անավարտ շինություններն ավարտին հասցնելու հարցում կարգապահությունը բարձրացնելն էր։
Եթե նախկինում շինթույլտվության ժամկետի ավարտից հետո կառուցապատողը գույքահարկը վճարում էր ըստ շինության ավարտվածության աստիճանի, ապա 2023-ի հունվարի 1-ից շինթույլտվության ժամկետի ավարտից հետո՝ անկախ շինարարության ավարտվածության աստիճանից, կառուցապատողը վճարում է ավարտված շինության համար սահմանված վճարի չափով։
Կադաստրի կոմիտեից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կոմիտեն հաշվարկել է շինթույլտվության ժամկետն ավարտված կամ երկարաձգած 177 շինություն, որոնց վերաբերյալ տեղեկությունները տրամադրվել են տեղական ինքնակառավարման մարմիններին։
Փոփոխությունների արդյունքում 2023-ի հուլիսից շինթույլտվությունների և թուլտվությունը երկարաձգելու համար սահմանված վճարները ևս, ըստ գոտիականության, բարձրացվեցին 2-10 անգամ։
Ի՞նչ հետևանքներ է ունենում շինարարությունն ավարտին չհասցնելը
Եթե կառուցապատողը շինարարությունը չի ավարտել սահմանված ժամկետում, ապա պետք է վճարի տուգանք շինարարության նախահաշվային արժեքի 3%-ի չափով, իսկ նոր ժամկետում չավարտելու դեպքում՝ 15%-ի չափով։
Բացի այդ, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ եթե շինթույլտվության ժամկետն ավարտվել է, և կառուցապատողը չի ավարտել շինարարությունը, ապա շինթույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է շինթույլտվության ժամկետը երկարաձգելու կամ տվյալ օբյեկտը վաճառելու մասին։ Եթե պահանջը չի կատարվում, ապա կառուցապատողը տուգանվում է։ Իսկ եթե նախազգուշացումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում այս պահաջները շարունակում են անկատար մնալ, ապա շինթույլտվություն տվող մարմինը կրկին տուգանում է կառուցապատողին և դիմում դատարան՝ տվյալ օբյեկտը վաճառելու հայցով:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը #CivilNetCheck-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքապետարանն այս օրենքի կիրառմամբ նախադեպեր է ունեցել։
«Հայցեր են ներկայացվել, ու դա էլ է տվել իր դրական արդյունքը, որովհետև շատ կառուցապատողներ դատարանում, նաև՝ քաղաքապետարանի հետ հաշտության համաձայնագրեր կնքեցին, շինարարական աշխատանքները վերսկսեցին, հասցրեցին իրենց տրամաբանական ավարտին»,- նշում է Ռուբեն Խոջայանը։
Նյութն՝ ամբողջությամբ այստեղ