կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Լուկաշենկոն հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացի հետ

Լուկաշենկոն հանդիպել է Թրամփի հատուկ բանագնացի հետ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպել է ԱՄՆ նախագահի Ուկրաինայի գծով հատուկ բանագնաց Քիտ Քելոգի հետ։ Այս մասին տեղեկացրել է Բելտան։

Բանակցությունների օրակարգում ընդգրկվել են միջազգային թեմատիկան եւ իրավիճակն աշխարհում, տարածաշրջանային թեմատիկան եւ բելառուսա-ամերիկյան հարաբերությունները։

«Դուք աշխարհում մեծ աղմուկ բարձրացրիք ձեր ժամանմամբ։ Բայց հետաքրքիր է, թե ինչու։ Մի՞թե մենք չենք կարող նորմալ երկխոսություն ունենալ եւ խոսել մեր գործերի՝ Բելառուսի եւ Միացյալ Նահանգների միջեւ հարաբերությունների մասին»,- նշել է Լուկաշենկոն։ «Շատ ուրախ եմ, պարոն գեներալ, Ձեզ հետ հանդիպելու համար։ Ես իսկապես հույս ունեմ, որ մեր  զրույցը շատ անկեղծ եւ բաց կլինի։ Հակառակ դեպքում, ո՞րն է հանդիպման իմաստը։ Եթե մենք 

միմյանց առջեւ խելացի եւ խորամանկ լինենք, արդյունքի չենք հասնի»,- ընդգծել է Բելառուսի առաջնորդը։

Իր հերթին, Քիտ Քելոգը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության եւ հանդիպման համար։ 

«Մենք ապրում ենք շատ վտանգավոր ժամանակներում, երբ մեր առջեւ ծառացած ճգնաժամերը 

կարող են կտրուկ սրվել, թեժանալ, եթե մենք իմաստուն եւ արդար չլինենք»,- ասել է նա։

 

Ի պատասխան՝ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդգծել է. «Պարոն գեներալ, ես ձեզ խոստանում եմ, որ դուք լիովին անվտանգ կլինեք Բելառուսի տարածքում, եւ այս ընթացքում ոչ միայն Բելառուսում, այլեւ մեր շուրջ որեւէ թեժացում չի լինի»։

  • Կիսվել: