Երևանի քաղաքապետարանն առաջարկում է շինհրապարակներում տեղադրել փոշու չափիչ սարքեր
Շինհրապարակներում պետք է լինեն փոշու չափիչ սարքեր, որոնք պետք է վերահսկվեն Երևանի քաղաքապետարանի կողմից: Հարցը քննարկվեց Երևանի ավագանու գործակարգավարական նիստին:
Թեմային անդրադառնալիս Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծիք հայտնեց, որ պետք է ոչ թե ստուգել՝ փոշու որսիչ ցանցը դրվե՞լ է, թե՞ չի դրվել, այլ պետք է պարտադրել, որ շինհրապարակներում լինեն փոշու չափիչ սարքեր, որոնցից ստացված տեղեկատվության միջոցով կորոշվի՝ տուգանվո՞ւմ է շինարարը, թե՞ չի տուգանվում:
«Մեզ պետք է մի հատ սարք դնել, որը շինհրապարակին մոտ է լինելու: Շաբաթվա ընթացքում փոշու հետ կապված սարքը հնարավոր թույլատրելի սահմանաչափից ավելի թույլ տվեց, վե՛րջ, տուգանվում է: Սա պետք է լինի տրամաբանությունը: Էլ չընկնենք, նայենք՝ ցանցը ունի՞, ցանցը չունի՞»,- ասաց Ավինյանը, ապա հորդորեց այդ մասով ուսումնասիրել նաև այլ երկրների փորձը:
Գործակարգավարական նիստին Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ այս տրամաբանությամբ արդեն իսկ կա ավագանու որոշման նախագիծ: