«ԵՄ–ում սահմանված կանոնները քարացած չեն». ՀԱԳՄ պատվիրակությունը մասնակցել է զագրեբյան միջազգային հավաքին
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության պարվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հոկտեմբերի 9–ին մասնակցել է միջազգային հավաքի, որտեղ քննության են առնվել Եվրամիության հետ հարաբերությունների խորացման հնարավորությունները, այդ գործընթացում գործարար համայնքի ունեցած դերը, ներկայացվել է ԵՄ–ին ինտեգրման գործում Խորվաթիայի գործատուների ասոցիացիայի մասնակցության փորձը։
Հավաք–քննարկմանը, որը կազմակերպել էր Դանիայի արդյունաբերության կոնֆեդերացիան, իրենց մասնացությունն են բերել նաև Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի գործարարների միությունների ղեկավարները։ ՀԱԳՄ–ն ներկայացրել են Միության փոխնախագահներ Ներսես Կարամանուկյանը և Արմեն Մարտիրոսյանը։ Քննարկումներին մասնակցել է նաև Խորվաթիայի արտգործնախարարության Եվրամիության հետ հարաբերությունների համակարգող պատասխանատուն։
«Քննարկումների ընթացքում հատկապես շեշտվում էր այն գաղափարը, որ Եվրամիության հետ ասոցացման բոլոր բանակցություններում անպայման պետք է ներգրավված լինեն նաև գործարար համայնքի ներկայացուցիչները»,–ասաց ՀԱԳՄ փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։ Կարևորվել է, որ գործարարներին հնարավորություն ընձեռնվի ներկայացնելու իրենց հուզող խնդիրները, հանդես գալ փաստարկված առաջարկներով՝ ի պաշտպանություն տնտեսվարողների շահերի։
«Եվրոպացի մեր գործընկերների փորձը ցույց է տալիս, որ ԵՄ–ում սահմանված կանոնները քարացած չեն, որ ակտիվ աշխատանքի դեպքում, հիմնավոր հարցադրումներ ներկայացնելով, շատ բան կարելի է կարգավորել Եվրամիության հետ հարաբերությունների կանոնակարգերում, պայմանագրերում ներառել այնպիսի դրույթներ, մեխանիզմներ, որոնք կբխեն նաև ազգային տնտեսության և գործարարության շահերից»,–հավելեց ՀԱԳՄ փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։