ԵՄ և ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում ՀՀ տնտեսության վրա. Պապոյան
Եվրոպական միության և ԵԱՏՄ հարաբերությունների համատեքստում պատժամիջոցները բացասաբար են անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա։ Այս մասին Ազգային ժողովում հունիսի 4-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Խորհրդարանականները, մասնավորապես, հարցրել են, թե ԵՄ-ի ինչպիսի՞ ներդրում պետք է սպասել Հայաստանի տնտեսության մեջ։ Նախարարը պարզաբանել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև կա քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգացնելու փոխադարձ ցանկություն։ «Սակայն կան սուբյեկտիվ գործոններ, որոնք խանգարում են դրան։ Օրինակ՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, և, ինչպես գիտեք, ԵՄ երկրները մեծ թվով պատժամիջոցներ են կիրառել ԵԱՏՄ խոշորագույն տնտեսության՝ Ռուսաստանի դեմ»,- ասաց Պապոյանը։
Սահմանափակումները, ըստ նրա, տարբեր խնդիրներ են ստեղծում ԵՄ-ի հետ տնտեսական հարաբերություններում։ Խոսքը, օրինակ, պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է։ «Նախկինում այդ ապրանքների հիմնական շուկաներից մեկը Եվրոպան էր։ Բայց հիմա, վերը նշված պատճառներով, շուկայի կառուցվածքում աստիճանական փոփոխություն է նկատվում»,- պարզաբանեց Կառավարության ներկայացուցիչը։
Նա համոզված է, որ Հայաստանում երկար տարիների ընթացքում տնտեսական հարաբերությունների պատշաճ դիվերսիֆիկացման բացակայությունը բավականին լուրջ խնդիրների է հանգեցրել։