շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարը գյուղացիներին ու խաղող մթերողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը

Էկոնոմիկայի նախարարը գյուղացիներին ու խաղող մթերողներին կոչ արեց մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը

ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք փոփոխություններ են կատարվել «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրում։ Կառավարության հերթական նիստին նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախագիծը վերաբերվում է գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի շրջանակներում բյուջետային երաշխիքների տրամադրմանը։

Կառավարությունը նախորդ տարի նոր գործիք մտցրեց, որով պետությունը մասնակիորեն երաշխավորում էր գյուղատնտեսական հումքի մթերման համար տրամադրվող վարկերը, որպեսզի ոլորտի կազմակերպությունները կարողանան վերցնել այնքան գումար, ինչքան իրենց պետք է, ոչ թե այնքան, ինչքան գրավ ունեն։ Այդ գործիքը բավականին արդյունավետ աշխատեց։ 9 կազմակերպություններին տրամադրվել է 5,4 միլիարդ դրամի բյուջետային երաշխիք»,- ասաց Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ հունիսի 7-ին ստացված օպերատիվ տեղեկության համաձայն՝ ընթացիկ տարում պտուղ-բանջարեղեն մթերումների կանխատեսվող ծավալները կազմում են 149, 3 հազար տոննա, անցած տարվա 80 հազար տոննայի համեմատ։

«Այս տարի ներդրել ենք գյուղատնտեսական հումքի մթերման պայմանագրերի նախօրոք կնքման մեխանիզմ, և մայիսի 31-ին արդեն ավարտվել է պտուղ-բանջարեղենի համար պայմանագրերի կնքման վերջնաժամկետը։ Ակնկալված արդյունքը կա. 1354 գյուղացիական տնտեսությունների հետ կնքվել է 1500 բերքի գնման պայմանագիր, համաձայն որի պետք է մթերվի 81,6 հազար տոննա պտուղ-բանջարեղեն 12 միլիարդ դրամ ընդհանուր գումարով»,- նշեց Քերոբյանը։

Նախարարը հիշեցրեց, որ հուլիսի 1-ին վերջանում է խաղողի մթերման պայմանագրերի կնքման համար վերջնաժամկետը և կոչ արեց բոլոր գյուղացիներին ու մթերողներին մինչև հուլիսի 1-ը կնքել մթերման պայմանագրերը։

Վարչապետը կրկնեց իր մտահոգությունը. «Հիմա դուք երաշխավորո՞ւմ եք, որ այդ ծրագրերից օգտվող մթերողները այն նույն միջինացված պայմաններով որեւէ գյուղացու հետ պայմանագրի կնքումը չեն մերժում: Այսինքն մթերողը կարող է ասել, ինչքան պետք էր պայմանագիր կնքել, ես կնքել եմ, մնացածի հետ չեմ կնքում, որպեսզի հետո, երբ գա մթերման ժամանակը, գին պարտադրելու հնարավորություն ունենա»:

Փաշինյանին լրացրեց նաեւ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը՝ նշելով. «Մթերող կազմակերպությունները կանխատեսել են մթերել ավելի քիչ, քան անցած տարի եւ ունենք բազմաթիվ դիմումներ բնակիչներից, որոնք ունեն ավելի շատ բերք եւ չեն կարողանում կնքել պայմանագրեր մթերողների հետ»:

Էկոնոմիկայի նխարարը կոչ արեց բոլոր մարզպետներին այդ տեղեկատվությունը մինչեւ հուլիսի 1-ը տրամադրել իրենց, որպեսզի իրենք աշխատեն մթերող կազմակերպությունների հետ եւ վերջիններս բոլոր գյուղացիների հետ կնքեն պայմանագրեր:

  • Կիսվել: