երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Էկոնոմիկայի նախարարն Իրանում քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրներ

Էկոնոմիկայի նախարարն Իրանում քննարկել է երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 22-26-ը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։

Այցի առաջին օրը՝ hունվարի 22-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովին:

Նախարար Քերոբյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրել է ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը:

 

Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր: 

Հունվարի 23-ից մեկնարկել է նախարար Քերոբյանի հանդիպումների շարքը Իրանի Իսլամական Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Մասնավորապես, հունվարի 23-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Ալիռեզա Ռազմհոսեյնիի և Իրանի Իսլամական Հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Աբդոլնասեր Հեմմաթիի հետ։

ՀՀ էկոնոմիկայի և ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարների միջև հանդիպման արդյունքում ստորագրվել է հուշագիր: 

Հանդիպումներին իրանական կողմից մասնակցել են պետական մարմինների և տնտեսության ոլորտի լայն շրջանակի ներկայացուցիչներ։ 

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ տնտեսական հարաբերություններին վերաբերող բազմաթիվ խնդիրների, ինչպես նաև առանձին ծրագրային առաջարկությունների։ 

Հայկական պատվիրակությունը նաև այցելել է Mammut արդյունաբերական համալիր և Cinnagen դեղագործական ձեռնարկություն:

Պատվիրակության հանդիպումները շարունակվել են նաև հունվարի 24-ին և 25-ին։

 

  • Կիսվել: