ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Եկամուտների հայտարարագիր ներկայացնողները կկարողանան եկամտային հարկից հետ ստանալ իրենց ծախսերի մի մասը

Եկամուտների հայտարարագիր ներկայացնողները կկարողանան եկամտային հարկից հետ ստանալ իրենց ծախսերի մի մասը

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը զուգահեռ ներդրվել է նաև սոցիալական ծախսերի համակարգ, որի շրջանակներում հայտարարատուները հնարավորություն են ստանալու եկամտային հարկի գումարներից հետ ստանալ իրենց կամ իրենց ընտանիքի համար կատարված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության գծով ծախսերը: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, կառավարության նիստում հայտնեց  ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարաի ներկայացմամբ՝ր նախագծով սոցիալական ծախսերի փոխհատուցման նպատակով հայտարարատու համարվող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները):

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Առողջապահության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերություններից առողջության ապահովագրական փաթեթի ձեռք բերման ծախսերը: Ընդ որում, առաջարկվում է սահմանել, որ առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել հայտարարատու ֆիզիկական անձ հանդիսացող՝ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշմամբ սահմանված՝ սոցիալական փաթեթի շահառուները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 50.000 դրամը,

-կրթության գծով սոցիալական ծախսեր են համարվում ՀՀ-ում իրականացվող նախադպրոցական, տարրական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), միջնակարգ (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարները: Առաջարկվում է այս ուղղությամբ սոցիալական ծախսի առավելագույն չափ սահմանել տարեկան 100.000 դրամը:

Առաջարկվում է նաև սահմանել, որ վերոնշյալ բոլոր ուղղություններով փոխհատուցման ենթակա սոցիալական ծախսերը չեն կարող գերազանցել 100.000 դրամը:

Ընդ որում, հայտարարատու համարվող ֆիզիկական անձանց ընտանիքի անդամների շրջանակը սահմանվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ընտանեկան օրենսգրքով սահմանված ընտանիքի անդամների շրջանակը:

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է ներկա փուլում բնակարանային ապահովու-թյան գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն չսահմանել, քանի որ գործող հարկային օրենսդրությամբ (ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով) սահմանված են կարգավորումներ բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով եկամտային հարկի վերադարձման համար:

Առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղությունը սահմանելիս դիտարկվել են ինչպես առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը փոխհատուցելու, այնպես էլ ֆիզիկական անձանց կողմից ուղղակի կատարված՝ առողջության հետ կապված ծախսերը փոխհատուցելու հնարավորությունները և նպատակահարմարությունը: Որպես առողջապահության գծով սոցիալական ծախսի առանձին ուղղություն՝ նախագծով առաջարկվում է սահմանել առողջության ապահովագրության գծով կատարված ծախսերը, մասնավորապես, հաշվի առնելով այն, որ առողջապահության ոլորտի մասով ներկայումս իրականացվող քաղաքականությունն ուղղված է առողջության ապահովագրության համընդհանուր համակարգ ներդնելուն: Առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցման առավելագույն չափը սահմանելիս ուսումնասիրվել են Հայաստանի Հանրապետությունում գործող առողջության ապահովագրության ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրության փաթեթները` ներառյալ դրանց ապահովագրական վճարները, ծածկույթը և հատուցման առավելագույն չափերը: Մասնավորապես, ապահովագրական ընկերությունների կողմից առաջարկվող առողջության ապահովագրական փաթեթների գները սկսվում են 10.000 դրամից և, օրինակ՝ 50.000 դրամ գումարի սահմաններում առաջարկվող փաթեթները համարվում են միջին ծածկույթով ստանդարտ առողջության ապահովագրական փաթեթներ»:

  • Կիսվել: