կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից․ Նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից․ Նախագիծը քննարկվում է ԱԺ-ում

Ներկայումս Հայաստանը միակողմանիորեն ընդունում է ԵԱՏՄ գործընկեր երկրների կենտրոնական բանկերի կողմից լիցենզավորված բանկերի թողարկած երաշխիքները: Պետական եւ մունիցիպալ գնումներին մասնակցելու դեպքում հայկական ընկերություններից պահանջվում է բանկային երաշխիք, սակայն հայկական բանկերի թողարկած երաշխիքները չեն ընդունվում պատվիրատուների կողմից: Այս համաձայնագրով սահմանվում են կանոններ, որոնց համապատասխանելու դեպքում ԵԱՏՄ անդամ երկրի ցանկացած բանկի թողարկած երաշխիք պետք է ընդունելի լինի պատվիրատուի կողմից:

ՀՀ ԱԺ նիստում ներկայացնելով «Ազգային «Պետական (մունիցիպալ) գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը՝ նոր կարգավորումները պարզաբանել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Վերոնշյալ կանոնների համաձայն՝ բանկը վերջին 6 ամիսների ընթացքում չպետք է ունենա անվճարունակություն եւ ֆինանսական առողջացման որեւէ գործընթաց, պետք է համապատասխանի այդ երկրի կանոններով սահմանված ռեյտինգային ինչ-որ մակարդակի: Բանկի ընդհանուր կապիտալը պետք է 60 մլն ԱՄՆ դոլարից ավելի լինի, իսկ բանկի կապիտալի համարժեքության նորմատիպը պետք է լինի առնվազն 12,5 տոկոս: Ներդրվում է բանկերի սեւ ցուցակի գաղափար. եթե վերջին 12 ամսվա ընթացքում բանկի նկատմամբ առկա է դատական գործ, որով վերջինս հրաժարվել է վճարել երաշխիքը կամ մասնակի է վճարել, ապա հայտնվում է սեւ ցուցակում: Այնուհետեւ այդ դատական վճռի կայացումից հետո 12 ամսվա ընթացքում, եթե վճռվի, որ երաշխիքը չվճարելու կամ պարտավորությունը մասնակի կատարելու իրավունք չուներ, ապա այդ բանկի երաշխիքներն այլեւս չեն ընդունվում: «Բոլոր բանկերն այս պահանջներին բավարարում են, եւ համաձայնագրի վավերացման արդյունքում ՀՀ ընկերություններն ավելի մեծ հասանելիություն կունենան ԵԱՏՄ պետական եւ մունիցիպալ մակարդակներում գնումների գործընթացներին»,- փաստել է փոխնախարարը:

Հարակից զեկույցում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

 

  • Կիսվել: