«Ձորակ»-ում կներդրվի խնամքի վճարովի ծառայություն
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում կներդրվի խնամքի վճարովի ծառայություն՝ որպես ձեռնարկատիրական գործունեություն: Նման որոշում է ընդունվել Կառավարության հունվարի 5-ի նիստում:
Ներկայումս խնամքի վճարովի ծառայությունների տրամադրում իրականացվում է «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ շուրջօրյա խնամքի տեսքով, որոնք կարգավորվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ: Վերոհիշյալ իրավական ակտում որոշակի տեղերում կա տարընթերցման խնդիր, մասնավորապես.
Խնամքի ծառայությունները, որոնք տրամադրվում են տնային պայմաններում, շուրջօրյա կամ ցերեկային կենտրոններում, կարգավորվում են ինչպես պետական լրիվ ֆինանսավորմամբ, այնպես էլ՝ շահառուներին իրենց միջոցների հաշվին՝ ձեռնարկատիրական գործունեության սկզբունքներով։ Խնամքի վճարովի ծառայությունների մեջ մտնում է գերազանցապես շուրջօրյա խնամքը, այլ ծառայությունները՝ շուրջօրյա խնամք չստացող անձանց իրավաբանական կամ հոգեբանական խորհրդատվության, միջոցառումների կազմակերպման, թերապիայի խմբակների ձևավորման և այլն, փաստացի չեն իրականացվել՝ ելնելով շահառուների առաջնային պահանջներից, հիմք ընդունելով հինգ տարվա փորձը՝ կիրարկման անհրաժեշտություն չունեն։
ՀՀ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում, ՀՀ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում, ՀՀ կառավարության համապատասխան որոշման և այլ իրավական ակտերում հստակորեն սահմանազատվում են «հաշմանդամություն ունեցող անձ»՝ որպես չափահաս անձ, և «հաշմանդամություն ունեցող երեխա» կամ հաշմանդամ-երեխա՝ անչափահաս անձ եզրույթները։ Ըստ այդմ, սույն որոշման մեջ «18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձ» բառակապակցությունում ավելորդ է նշել անձի՝ 18 տարին լրանալու հանգամանքը։
ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանվում է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը, որում հայտնվող քաղաքացիները չեն կարող ստանալ խնամքի ծառայություններ՝ անվճար հիմքով։ Բացի այդ, խնամքի ծառայություններ չեն կարող ստանալ նրանք, ովքեր տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձինք չեն։ Խնդրո առարկա որոշման նախագծում հաշվի են առնվում նաև այդ հանգամանքները, և խնամքի ծառայությունները կարող են վճարովի հիմքով տրամադրվել դրա կարիքն ունեցող բոլոր անձանց:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի ճշգրտել և չափելի դարձնել շուրջօրյա, տնային պայմաններում, ցերեկային կենտրոններում շահառուներին հատկացվող խնամքի ծառայությունների տրամադրումը, որն ուղղված է տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև խնամքի կարիք ունեցող այլ շահառուներին։