երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական ներուժը բոլորովին սպառված չէ․ Սաֆարյան

Նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական ներուժը բոլորովին սպառված չէ․ Սաֆարյան

Դեկտեմբերի 25-ին Սանկտ-Պետերբուրգում անցած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը կարեւոր իրադարձություն էր Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը գնալով ավելի ու ավելի կարեւոր հանգամանք է դառնում մեր տնտեսական զարգացման համար: Նման կարծիք «Հայաստանը ԵԱՏՄ-ում. ինտեգրացիոն գործըթացի ընթացիկ արդյոնքներն ու տեսանելի հեռանկարները» թեմայով ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը։

Նա հիշեցրեց, որ 2024 թվին Հայաստանը ստանձնում է Եվրասիական տնտեսական միության նախագահությունը: «2024 թվին Հայաստանը կարող է նկատելի մասնակցություն ունենալ եվրասիական ինտեգրացիոն գործընթացի նկատմամբ միջազգային հետաքրքրության էլ ավելի մեծացման գործում, իր նախագահության ընթացքում նախաձեռնելով մի քանի խոշոր միջոցառումներ տարբեր երկրների բարձրակարգ եւ հարգված մասնագետների մասնակցությամբ: Կարեւոր է ընդունել եւ բարձրաձայնել այն անառարկելի ճշմարտությունը, որ մենք էական շահ եւ օգուտներ ունենք այս գործընթացին մասնակցելուց: Հայաստանի տնտեսական զարգացման առանցքը վերջին տարիներին գլխավորապես կազմել է մեր առեւտրատնտեսական համագործակցությունը Ռուսաստանի եւ միության մյուս երկրների հետ: Շատ կարեւոր է, որ վերջին երկու տարիներինն ձեռք բերված դինամիկան հնարավոր լինի պահպանել տեսանելի հեռանկարում: ԵԱՏՄ-ն Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերն է եւ նրան է բաժին ընկնում մեր արտաքին առեւտրատնտեսական գործունեության կեսից ավելին: Նախորդ տարվա համեմատ, այս տարի այդ ուղղությամբ մեր ապրանքաշրջանառության աճը կազմել է ավելի քան 40%»,- ընդգծեց Սաֆարյանը:

Նրա խոսքով, արդարացել են Եվրասիական ակումբի փորձագետների կանխատեսումներն առ այն, որ Արեւմուտք-Ռուսաստան գլոբալ առճակատման պայմաններում ՀՀ արտաքին տնտեսական քաղաքականության այս կարեւորագույն վեկտորի դերը աճելու է: «Հետաքրքիր է, որ եվրասիական տարածքի խոշոր գիտափորձագիտական եւ ֆինանսական կենտրոնները կանխատեսում են, որ բոլոր հիմքերը կան սպասելու առեւտրատնտեսական համագործակցության հետագա ծավալների աճ նաեւ 2024թ-ին եւ 2025թ. առաջին կեսին: Մենք հիմքեր ունենք պնդելու, որ նույնիսկ այս աննախադեպ հաջողությունների պայմաններում Հայաստանի տնտեսական ներուժը բոլորովին էլ սպառված չէ: Էական ներդրումների եւ տնտեսական շարունակական բարեփոխումների պայմաններում հարկ է ակնկալել, որ առեւտրատնտեսական համագործակցության ծավալները Ռուսաստանի հետ գնալով կարող են աճել, իսկ Հայաստանում նշանակալից չափերով կշարունակի ավելանալ համախառն ներքին արդյունքը»,- ընդգծեց փորձագետը:

Նրա խոսքով, վերջին երկու տարվա ընթացքում Ռուսաստանի հետ տնտեսական կապերի տպավորիչ տեմպը ունի երկու բաղադրիչ՝ դա սեփական արտադրության ապրանքների առեւտուրն է, ինչպես նաեւ վերաարտահանումը: «Հասկանալի է, որ արդեն այժմ պետք է մտածել տնտեսական այնպիսի քաղաքականություն որդեգրելու մասին, որը հնարավորություն կտա տնտեսական աճ ապահովել նույնիսկ այն դեպքում, երբ վերարտահանման տեմպերը նվազեն կամ զրոյանան: Առայժմ սա մի լավ հնարավորություն է փորձարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային լոգիստիկ առանցքի լիարժեք գործարկման հնարավորությունը եւ դրա կարեւորությունը Հայաստանի համար»,- նկատեց Սաֆարյանը:

Նրա կարծիքով, անվիճելի է այն փաստը, որ մեր տարածաշրջանի գործընթացները իրականում տանում են դեպի Արեւմուտք-Արեւելք ռազմավարական տրանսպորտային առանցքի զարգացում: «Շատ կարեւոր է, որ այս պայմաններում Հայաստանը չմերժի նաեւ Հյուսիս-Հարավ առանցքի զարգացմանն ըստ ամենայնի մասնակցելու հնարավորությունը, դրանով հավասարակշռելով մեր ազգային տնտեսության վրա տարածաշրջանի տարբեր կողմերից եկող ուժեղացող ազդակները: Եվ վերջապես՝ հարկ ենք համարում շեշտել, որ Եվրասիական տնտեսական միության մեջ Հայաստանի հաջող մասնակցությունը, հայ-ռուսական տնտեսական կապերի զարգացումը եւ խորացումը, եվրասիական ֆինանսական կառույցների կողմից ցուցաբերվելիք աջակցությունը կարեւորագույն եւ ծանրակշիռ փաստարկներ են հայ-ռուսական բազմակողմանի կապերը պահպանելու, զարգացնելու եւ ամրապնդելու համար»,- եզրափակեց Սաֆարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: