ԱԺ-ում քննարկվել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ոլորտում փոխգործակցության մասին համաձայնագրի վավերացման հարցը
2023 թվականին Սոչիում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի միջև ստորագրվել է փաստաթուղթ, որի միջոցով կկարգավորվեն ծառայությունների անդրսահմանային առևտուրը, ներդրումային գործունեությունը, և բարենպաստ պայմաններ կստեղծվեն տնտեսական համագործակցության համար: «Ծառայությունների ազատ առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին» համաձայնագրի վավերացման հարցը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը համաձայնագիրը ներկայացնելիս ասաց, որ նախագծի դրույթները չեն հակասում նշված ոլորտում ԵԱՏՄ իրավական կարգավորումներին:
«Այն բխում է «Ազատ առևտրի գոտու մասին»՝ դեռևս 2011 թվականին ստորագրված պայմանագրից. սրանով ընդլայնում ենք այդ առևտրի շրջանակը՝ տարածելով նաև ծառայությունների ոլորտի վրա»,- ասաց նա:
Համաձայնագիրն արդեն վավերացվել է ՌԴ-ում, Բելառուսում, Ղրղզստանում և Բելառուսում: Ըստ Սևակ Միքայելյանի՝ կանխատեսվում է, որ համաձայնագրի իրականացմամբ ԱՊՀ-ում ծառայությունների ծավալը կավելանա շուրջ 25 տոկոսով:
Մյուս կողմից՝ այն երկրներում, որոնց հետ Հայաստանը չունի երկկողմ ներդրումների պաշտպանության պայմանագրեր և համաձայնագրեր, այդ երկրներում այս համաձայնագիրը հնարավորություն կտա՝ ՀՀ ներդրումներն ավելի պաշտպանված լինեն և զերծ լինեն խտրական մոտեցումներից այդ երկրների կառավարությունների կողմից: