շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Մասաթուգու Ասակավա

ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը. Մասաթուգու Ասակավա

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահ Մասաթուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում են եղել նաեւ ԱԶԲ Կենտրոնական եւ Արեւմտյան Ասիայի վարչության տնօրեն Եվգենի Ժուկովը, ԱԶԲ գործադիր տնօրեն Մեյդ Վիջայան, ԱԶԲ ներկայացուցիչներ:

ՀՀ ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ ողջունելով ԱԶԲ նախագահին եւ գոհունակություն հայտնելով երկկողմ համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ՝ նախարար Հովհաննիսյանն ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին ԱԶԲ եւ Հայաստանի միջրեւ համագործակցությունը բավական ինտենսիվ բնույթ է ստացել, ինչի մասին է վկայում նաեւ համագործակցության հագեցած օրակարգը:

ԱԶԲ նախագահը նույնպես բարձր է գնահատել հայկական կողմի հետ արդյունավետ համագործակցությունը՝ իր կողմից շեշտելով, որ ԱԶԲ-ն հետաքրքրված է ընդլայնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը եւ պատրաստակամ է շարունակելու երկխոսությունը նոր համագործակցության հեռանկարների ուղղությամբ:

Մասաթուգու Ասակավան նշել է, որ ԱԶԲ-ն կարեւորում է ընթացիկ Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման բյուջետային աջակցության ծրագրի նշանակությունը, եւ հաշվի առնելով վերջինիս շարունակական բնույթը, նկատի ունենալով, որ այն մի քանի փուլից է բաղկացած, ընդգծեց, որ բանկը պատրաստ է քննարկել ծրագրի ֆինանսական միջոցների եւ վերջինիս ներքո իրականացվելիք բարեփոխումների շրջանակների հետագա ընդլայնմանն առնչվող հարցերը:

Վահե Հովհաննիսյանը կարեւորել է նաեւ ԱԶԲ-ի կողմից կարողությունների զարգացմանն ուղղված շարունակական աջակցությունը՝ նշելով, որ այն բավական օգտակար է տարբեր ծրագրերի իրականացման գործընթացներում ներգրավված հայկական կողմի մասնագետների եւ աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացման տեսանկյունից:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում Բանկի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, այդ թվում՝ քաղաքային ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտի, ճանապարհաշինության, սեյսմիկ անվտանգության բարելավման եւ մի շարք այլ բնագավառներում, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել բյուջետային աջակցության ուղղությանը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել հետագայում եւս շարունակել անհրաժեշտ ջանքերի գործադրումը համատեղ նպատակադրումների եւ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

  • Կիսվել: