հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Այսօր չվերթների մոտ 30 %-ը իրականացնում են հայաստանյան ավիաընկերությունները. Փաշինյանը ավիացիայի «վերածննդի» մասին

Այսօր չվերթների մոտ 30 %-ը իրականացնում են հայաստանյան ավիաընկերությունները. Փաշինյանը ավիացիայի «վերածննդի» մասին

Մենք խոստացել էինք, որ պայմաններ կստեղծենք հայկական ավիացիայի վերածննդի համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2-ին, ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս մասին ցանկացա խոսել, քանի որ վերջին օրերին անընդհատ այց եմ ունեցել  օտարերկրյա երկրներ: Հիշում եմ՝ 2018-2019 թվականներին, երբ վայրէջք էի կատարում «Զվարթնոց» օդանավակայանում, հանդիպում էի բացարձակ դատարկության, գեթ մի օդանավ չկար: Շատ հաճախ մեր օդանավակայանում գեթ մեկ օդանավ չկար, եղածներն էլ օտարերկրյա օդանավեր էին: Ես հաճույքով եմ արձանագրում, որ և՛ մեկնելիս, և՛ վերադառնալիս արձանագրում ենք  հայկական  օդանավերի առկայությունը մեր օդանավակայանում  ու շարքն աճում է: Այն պահին, երբ հայտարարել ենք մասնավոր ներդրողի հետ համատեղ ներդրմամբ ավիաընկերություն ստեղծելու մեր մտադրությունը, դա նաեւ մասնավոր դաշտում է հետաքրքրություն առացացրել: Այսօր կարող ենք արձանագրել, որ այսօր որոշակի աշխուժություն ենք տեսնում ավիացիոն փոխադրումների ոլորտում, եւ չվերթների մոտավորապես 30 տոկոսը իրականացվում են հայաստանյան ծագում ունեցող ավիաընկերությունները», - ասաց նա:

Նա խոստովանեց նաեւ խնդիրների մասին. «Իհարկե, հայտնի պրոբլեմներ ունենք՝ սև ցուցակ, և այլն, բայց ես համոզված եմ, որ մենք ինստիտուցիոնալ կերպով այդ պրոբլեմները կհաղթահարենք», - վստահեցրեց Փաշինյանը:

  • Կիսվել: