Այսօր չունենք հերթեր, բայց եթե անգամ քաղաքացու հերթը հասնում է 2 ամիս հետո, դա ընդունելի է.Ավանեսյանը՝ պետպատվերի մասին
Մենք առաջարկ ենք ներկայացրել, որ մեր բյուջետային ծրագրային տողերը միավորվեն, մենք ավելի ճկունություն ունենանք ներքին վերաբաշխումներ իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով խնդրին, որ հատկապես ամառային ամիսներին հիվանդանոցներում պետպատվերից օգտվող քաղաքացիներին հերթագրում են, քանի որ գումարները բավարար չեն լինում:
«Այդ առաջարկն արել ենք, որպեսզի, երբ կատարողականներն ընդունում ենք, դրանից հետո ժամկետային շեղումը չունենանք: Այդ դեպքում մենք ավելի արագ կկարողանանք արձագանքել դիմելիությանը:
Բայց ընդհանուր առմամբ պլանային բժշկական օգնությունը պետք է իրականացվի հերթագրման սկզբունքով: Այսօր մենք չունենք հերթեր, մինչեւ մեկ ամսվա ընթացքում քաղաքացիները կարող են ստանալ ծառայությունը: Սա լավ ցուցանիշ է, բայց եթե անգամ մինչեւ 2 ամիս հերթագրվում են, դա ընդունելի է միջազգային ստանդարտներով»,-ասաց նա: