հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ավինյանը մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը

Ավինյանը մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը

Մայիսի 29-ին Ծաղկաձորում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է Հայաստանում գործող բիզնես միությունների, բիզնեսի աջակցման կառույցների և գործարարների հետ «Enterprise Armenia» հիմնադրամի նախաձեռնած՝ առանց փողկապների ձևաչափով հանդիպմանը:

Միջոցառման առաջին հատվածում անցկացվել է պանելային քննարկում, որի մեկնարկին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նկատելով, որ, COVID 19-ի համավարակով պայմանավորված, համաշխարհային տնտեսությունը գտնվում է զարգացման բարդ շրջանում, որտեղ տնտեսական հին մոդելներն աստիճանաբար դադարում են ակտուալ լինել, և անհրաժեշտ է համարժեք արձագանքել այդ մարտահրավերին: Ըստ նրա՝ այդպիսի միջավայրում զարգացման ստանդարտ մոտեցումների դեպքում հնարավոր չէ ապահովել առաջընթացի նախկին տեմպերը, ուստի անհրաժեշտ է խորությամբ վերլուծել և վերաիմաստավորել տնտեսական զարգացման, ներուժի, մրցունակության բարձրացման և բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին պատկերացումները։ Տիգրան Ավինյանը հավելել է, որ անհրաժեշտ է տնտեսության վիճակի հստակ ախտորոշում կատարել, վերլուծել բիզնեսի առարկայական խնդիրներն ու լուծումներ առաջարկել:

Փոխվարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է ՀՀ կառավարության հարկային և տնտեսական քաղաքականությունը՝ պետություն-մասնավոր հատված գործակցության համատեքստում մանրամասն անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին, թվայնացման գործընթացին և բիզնեսի համար դրանց ընձեռած հնարավորություններին։ Տիգրան Ավինյանը հատկանշել է նաև «Enterprise Armenia»-ի հիմնումը՝ որպես օտարերկրյա և տեղացի ներդրողներին սպասարկող հիմնադրամի, որին պետք է աջակցել, որպեսզի հաջողության հասնի և իր մանդատի ու առաքելության շրջանակներում ապահովի օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը Հայաստան, բարելավի Հայաստանի իմիջը՝ որպես ներդրումների համար գրավիչ ուղղություն:


Միջոցառման նպատակն էր ազատ ձևաչափով և անկաշկանդ մթնոլորտում ապահովել երկխոսություն մասնավոր և պետական հատվածների միջև, ինչպես նաև բիզնեսի աջակցման կառույցների, գործարար համայնքի ներկայացուցիչների միջոցով բացահայտել Հայաստանում առավել հաճախ հանդիպող ներդրումային և հետներդրումային խնդիրները և տարորոշել դրանց լուծման ուղիները:

«Enterprise Armenia» հիմնադրամի տնօրեն Լևոն Օհաննեսյանը ներկայացրել է հիմնադրամի առաքելությունը, նպատակներն ու առաջնահերթությունները: Պանելային քննարկման ժամանակ «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրենը ներկայացրել է հիմնադրամի գործունեությունն ու կատարված աշխատանքները։ Ելույթներով են հանդես եկել Հայաստանի գործատուների հանրապետական միության, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության, Գործարարության աջակցման գրասենյակի, «Էքսպորտ-Արմենիա» փորձագետների ասոցացիան, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, Ֆրանսիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի, Հայ-բրիտանական գործարար պալատի ներկայացուցիչները՝ ուշադրություն հրավիրելով ոլորտի կոնկրետ խնդիրների վրա։ Քննարկումը եզրափակվել է հարց-պատասխան ձևաչափով:

  • Կիսվել: