կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ավինյանը Չինաստանի կառավարության ներկայացուցչի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները

Ավինյանը Չինաստանի կառավարության ներկայացուցչի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների խորացման հեռանկարները

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հոկտեմբերի 24-ին ընդունել է Չինաստանի կառավարության Եվրասիայի հարցերով հատուկ բանագնաց Լի Հուեյին: Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը վերհիշել է, որ ընդամենը երկու օր առաջ Լի Հուեյի հետ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի շրջանակներում մասնակցում էին պանելային քննարկմանը:

Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերը խորը պատմական արմատներ ունեն եւ առանձնացել են փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ: Նա հավելել է, որ Հայաստանը դիտարկում է Չինաստանի հետ իր հարաբերությունների զարգացումը որպես արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Հուեյը նշել է, որ Հայաստանը եւ Չինաստանը հուսալի գործընկերներ են հանդիսանում եւ երկու երկրների շահավետ փոխգործակցությունը շարունակում է զարգանալ:

Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերություններին՝ այս առումով կարեւորելով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները: ՀՀ փոխվարչապետը նշել է, որ առկա է զգալի ներուժը տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, լեռնամետալուրգիայի եւ գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության համար: Անդրադարձ է կատարվել նաեւ չինական տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հեռանկարներին:

Տիգրան Ավինյանը խոսել է իր գլխավորությամբ հայկական պատվիրակության Շանհայում անցկացվելիք Չինաստանի ներմուծման միջազգային երկրորդ ցուցահանդեսին հավանական մասնակցության մասին եւ շնորհակալություն հայտնել չինական կողմին ցուցահանդեսին մասնակցելու համար հայկական ընկերությունների ցուցաբերած աջակցության համար: Լի Հուեյը նշել է, որ Հայաստանից բարձրաստիճան պատվիրակության մասնակցությունը ցուցահանդեսին խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համար:

Զրուցակիցները քննարկել են նաեւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորությունները՝ հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների ուղղությամբ, Չինաստան-Եվրասիական միություն հարաբերությունները եւ դրանցում Հայաստանի ունեցած դերը, ինչպես նաեւ առանց մուտքի արտոնագրային ռեժիմին եւ զբոսաշրջության ոլորտը ակտիվացնելուն վերաբերող հարցեր:

 

  • Կիսվել: