ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները շեշտակի աճել են

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները շեշտակի աճել են

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները շեշտակի աճել են: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 95 մլն 606 հազար 500 դոլարի օգնություն: Նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանը ստացել է 69 մլն 347 հազար 200 դոլարի մարդասիրական օգնություն: Գրում է https://armlur.am/ -ը։

Մեզ հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնության ձեռք մեկնել Հայաստանին: Նշենք, որ այդ թվում են Եվրամիության անդամ շատ երկրներ: Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 27 հազար 800 դոլարի օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 480 հազար 800 դոլարի:

Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան եկել է 577 հազար 400 դոլարի մարդասիրական օգնություն: Այս տարվա 9 ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 9 մլն 794 հազար 700 դոլարի մարդասիրական օգնություն է ստացել: Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 72 հազար 600 դոլարի մարդասիրական օգնություն է ստացել, այն էլ Ուկրաինայից եւ Ռուսաստանից:

Ուկարինայից Հայաստանը ստացել է 7700 դոլարի, իսկ ՌԴ-ից` 64 հազար 900 դոլարի մարդասիրական օգնություն: Ի դեպ, անցած տարվա նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան եկել է 1 մլն 130 հազար դոլարի մարդասիրական օգնություն:

Անգամ Հնդկաստանից է Հայաստանը մարդասիրական օգնություն ստացել` 2 մլն 666 հազար 200 դոլարի չափով, որը, ի դեպ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` փոքր-ինչ ավելացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում բավականին նվազել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան Չինաստանից եկել է 18 մլն 604 հազար 300 դոլարի մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 1 մլն 549 հազար դոլար: Մյուս կողմից` նկատենք նաեւ, որ Ճապոնիայից Հայաստան եկած մարդասիրական օգնության չափը զգալի ավելացել է. եթե նախորդ տարվա 9 ամիսներին Ճապոնիայից հայաստան եկել է 200 հազար դոլարի օգնություն, այս տարվա նույն ժամանակահատվածում` 7 մլն 755 հազար 500 դոլար:

  • Կիսվել: