ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Առևտրային կցորդները և դեսպանները հաշվետվություն ներկայացնու՞մ են, թե ինչ են արել տարվա կտրվածքով, ի՞նչ նոր ոլորտներ են ի հայտ բերել․ Խաչատուր Սուքիասյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

Առևտրային կցորդները և դեսպանները հաշվետվություն ներկայացնու՞մ են, թե ինչ են արել տարվա կտրվածքով, ի՞նչ նոր ոլորտներ են ի հայտ բերել․ Խաչատուր Սուքիասյանը՝ Էկոնոմիկայի նախարարին

Առևտրային կցորդները  և դեսպանները հաշվետվություն ներկայացնու՞մ են, թե ինչ են արել տարվա կտրվածքով, ի՞նչ կազմակերպություների են հանդիպացրել կառավարության հետ, ինչ առաջարկներ են արել ՀՀ-ին,  ի՞նչ նոր ոլորտներ, արտադրություններ և ծառայություններ են ի հայտ բերել։

Այս մասին այսօր ԱԺում բյուջեի քննարկմանը ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հարց ուղղեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։

«Դեսպանատներից հաշվետվություններ չենք ստանում, կցորդներից ստանում ենք։ Իրանի կցորդն ամեն ամիս է հաշվետվություն տալիս, Չինաստանինը և ԱՀԿ-ինը՝ 3 ամիսը մեկ։ Անձամբ 3-ի հետ էլ  աշխատում ենք, քանի որ ուզում ենք ինտիտուցիոնալացնել՝ հատուկ կառույց ենք ստեղծելու, որ ավելի ինտենսիվ աշխատի, իսկ  դեսպանատների հետ այդ համակարգը դրված չէ »,- պատասխանեց նախարարը։

Սուքիասյանը հետաքրքրվեց նաև ՀՀ-ն արտադրական գործունեություն ծավալող ընկերությունների համար հարթակ դարձնելու հարցով․ «Էներգետիկ ճգնաժամի պատճառով եվրոպական շատ երկրներում շատ արտադրություններ այսօր  արդեն մրցունակ չեն։ Այդ արտադրություններն ունեն այդ երկրներից դուրս գալու 2 նպատակ՝ ուզում են  այլ պետություններում նոր հարթակներ ստեղծել, որտեղ իրենք արտադրեն և լինեն այդ բրենդի տերը և մյուսը, որ  իրենց սարքավորումներն ուզում են  վաճառել այս կամ այն երկրին, որտեղ  էներգետիկ ճգնաժամ չկա, էներգիայի  գներն այդքան բարձր չեն և այդ արտադրանքը լինի մրցունակ։ Այսպիսի ցանկ ձեզ մոտ կա՞, այդ ուղղությամբ դեսպանները և կցորդները աշխատե՞լ են, թե՞ ոչ »։

Քերոբյանը նշեց, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված տարբեր հանդիպումներ են ունեցել․ «Հանդիպել եմ, կարելի է ասել, ՀՀ-ում բոլոր եվրոպական երկրների դեսպանների հետ  և այդ խնդիրը իրենց առջև դրել եմ, որ  մենք հնարավորություն ունենք, բայց այսօր մեր հիմնական խնդիրը ՌԴ-ից դուրս եկած ընկերությունների առումով է, նաև եվրոպական, որոնք ՌԴ-ից դուրս պետք է գան  և գան Հայաստան։ Նշել ենք, որ կարող ենք դառնալ նոր հարթակ, որտեղ կարող են տեղափոխվել  արդյունաբերական ընկերությունները»։ 

«Ղրիմի կամրջի պայթեցումից հետո ՌԴ-ն սկան է տեղադրել սահմաններում և մեքենաները այդ սկանով են անցնում, Լարսում դրանց քանակը քիչ է եղել և խնդիրներ են առաջացել, ովքե՞ր են զբաղվել դրանով, ի՞նչ խոստումներ կան, որ ապագայում այդ սկանների քանակը կմեծանա»,- հետաքրքրվեց Սուքիասյանը։ 

«2 շաբաթ  առաջ ՀՀ-ում էր գտնվում ՌԴ  տնտեսական զարգացման նախարարը, խնդրել եմ այդ հարցով հնարավորինս արագ զբաղվեն, իրենք խոստացել են, ժամկետ չի նշվել , ՌԴ-ն ևս  շահագրգռված է հնարավորինս արագ  Լարսի թողունակությունը վերականգնել։ Այսօր խնդիրը լուծված չէ և հայկական արտադրողները մեծ վնասներ են կրում  անցակետի ցածր թողունակության պատճառով»,- նշեց Վահան Քերոբյանը։

  • Կիսվել: