ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արցախից էլեկտրաէներգիա չներմուծելու պատճառով ունենք ֆինանսական կորուստներ․ ՀԾԿՀ նախագահ

Արցախից էլեկտրաէներգիա չներմուծելու պատճառով ունենք ֆինանսական կորուստներ․ ՀԾԿՀ նախագահ

Արցախից այսօր նախատեսված էր շուրջ 300 միլիոն մեգավատտ էլեկտրաէներգիա ներմուծել, և դրա բացակայությունն ունեցել է իր բացասական հետևանքները, և ամեն կիլովատտում մենք մոտ 8 դրամ կորուստ ենք ունեցել, բայց դա նույնպես հաշվի ենք առել: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Էներգետիկ անվտանգության խնդիր Արցախում չկա, քանի որ զուգահեռ միացված են մեր համակարգին, ըստ անհրաժեշտության իրավիճակը վերահսկում ենք: Արցախից ներկրում էինք էժան էլեկտրաէներգիա, որն այս պահին չունենք, բնականաբար, դա պետք է լրացվի ջերմակայանով»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ Հրազդանի ՋԷԿ-ը հունիսին մի քանի օրով կդադարեցնի աշխատանքը և մեկ բլոկ կմիանա, չնայած նախատեսված էին երկուսը, իսկ մյուսի փոխարեն էլեկտրաէներգիա կներմուծվի Վրաստանից, քանի որ այս սեզոնին մատակարարումը հարմար գներով է նախատեսված:

«Հրազդան ՋԷԿ-ի արտադրությամբ կազմվել է հաշվեկշիռը, և սակագները սահմանվել են, ընթացքում մայիս ամսին հնարավորություն է եղել էժան էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից և այդքանով Հրազդանի ՋԷԿ-ը կանգնեցվել է, այսինքն՝ էլեկտրաէներգիան շուրջ 33 դրամ է, իսկ ներմուծվում է մոտ 24 դրամով, այսինքն՝ մենք 8-9 դրամ օգուտ ենք ստեղծում համակարգում և այդ օգուտները մյուս տարի սակագները վերանայելիս իջեցվելու են»,- նշեց Բաղրամյանը:

  • Կիսվել: