երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Արամ Ազատյանը թողնում է Telcell ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը

Արամ Ազատյանը թողնում է Telcell ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը

Հայաստանի վճարահաշվարկային շուկայի ամենախոշոր համակարգը ներկայացնող Telcell ընկերությունը հայտնում է, որ 15 տարի ղեկավարումից հետո Արամ Ազատյանը թողնում է գլխավոր տնօրենի պաշտոնը։

Telcell թիմը ընկերության 15 տարվա ձեռքբերումների ամփոփման և այդ ճանապարհին իրենց առաջնորդող ղեկավարին երախտագիտության յուրօրինակ միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էր Telcell թիմը՝ Ընկերության Խորհրդի նախագահ Արտաշես Ավետիսյանի գլխավորությամբ։ Ինչպես ելույթում նշեց Արամ Ազատյանը՝ Telcell-ի գործունեությունը սկսելիս թիմն իր առջև դրել էր ժամանակի համար բավական հավակնոտ նպատակներ։

«Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն էր, որ ընկերության զարգացումը հենց ինձ վստահվեց, ինչի համար շնորհակալ եմ։ Այսօր Telcell-ն իր 15-ամյա հոբելյանը դիմավորում է վճարումների ազգային օպերատորի դիրքավորմամբ: Ընկերության ավելի քան 4500 տերմինալների ցանցը սպասարկում է Հայաստանի ողջ տարածքն ու Արցախը: Telcell Wallet-ի շուրջ 700 000 նույնականացված  օգտատերերին ընկերությունը մատուցում է ծառայությունների մեծ տեսականի, այդ թվում՝ ֆինանսական պրոդուկտների լայն բազմազանությամբ: Ընկերության տարեկան շրջանառությունը գերազանցում է 700 միլիարդ դրամը: 2022թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների շարքում Telcell-ը զբաղեցնում է 72-րդ հորիզոնականը: Այս ցուցանիշները հպարտանալու առիթ են,- ասաց Արամ Ազատյանը՝ միաժամանակ շեշտելով, որ 15 տարվա ամենամեծ ձեռքբերումը Telcell թիմն է, ում հետ անցել է բազում մարտահրավերներով ճանապարհ ու տոնել ընկերության հաջողությունները։

«Telcell-ը մարդկանց մասին է, մարդիկ, ովքեր ոչ միայն գործընկեր, այլև ընկեր ու հարազատ են։ Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը թողնելը չի նշանակում, որ ես բաժանվում եմ իմ սիրելի թիմից։ Անկախ աշխատանքային հարաբերություններից՝ մեր հարազատությունը մշտապես մնալու է»,- հավաստիացրեց Արամ Ազատյանը։

Նշենք, որ Telcell ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Համբարձում Դանիելյանը։

«Այսօրվանից ստանձնում եմ Telcell-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ինչը, անկասկած, մեծ պատասխանատվություն է, նաև՝ նոր գաղափարների իրագործման հնարավորություն։ Պատիվ եմ ունեցել աշխատել նախկին տնօրեն Արամ Ազատյանի հետ։ Շնորհակալ ենք Արամին՝ հասուն կառավարման համակարգ և համախմբված պրոֆեսիոնալների թիմ թողնելու համար։

Մեր ծառայությունները դարձնելու ենք էլ ավելի հարմար, արագ ու մատչելի հանրապետության բնակչության և հյուրերի համար, ընդլայնելու ենք թվային ծառայությունները, ստեղծելու ենք նոր և օգտակար վճարային գործիքներ»,- նշեց Telcell-ի նոր տնօրենը։

Telcell-ի մասին մանրամասն կարող եք կարդալ՝  https://www.telcell.am/hy/page/view?id=237

  • Կիսվել: