Անաշխատունակության թերթիկը գործատուներին կհասնի բացառապես էլեկտրոնային տարբերակով
ՀՀ առողջապահության նախարարությունը իրականացնում է ծավալուն էլեկտրոնային բարեփոխումներ, որոնց արդյունքում կբարձրացվի բժշկական ծառայությունների արդյունավետությունը, կլինի բուժառուների պատշաճ սպասարկում, բուժհաստատություններում կկրճատվի թղթարարությունը:
Հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանընշեց, որ աշխատանքներն իրականացվում են տարբեր ուղղություններով:
Էլեկտրոնային տարբերակով գրանցվելով՝ մինչ բուժառուի գալն, արդեն նրա փաստաթղթերը նախապատրաստվում են, և բուժառուն ստիպված չի լինում հերթ կանգնել: Մատյանների թվայնացման գործընթացի արդյունքում հնարավորություն է տրվում բուժառուի առցանց հերթագրվելուց հետո մի շարք տվյալներ ավտոմատ լրացնել համակարգչում, և դրանք լրացնելու վրա բժիշկը ժամանակ չի կորցնում:
«Հարկ չի լինի գնալ և սպասել բաժնի վարիչին, տնօրենին ինչ-որ ստորագրության կամ կնիքի համար: Հիվանդանալու դեպքում բժիշկը քաղաքացու համար բացում է անաշխատունակության թերթիկ: Երբ ապաքինումից հետո գործընթացն ավարտվում է, բուժառուն բժշկի սենյակից գնում է տուն, որևէ տեղ հերթ կանգնելու անհրաժեշտություն չի ունենում: Իր անաշխատունակության թերթիկը համակարգի միջոցով ուղարկվում է գործատուին, որից հետո աշխատավարձային հաշվարկն առցանց արվում է, և գումարը փոխանցվում է աշխատակցին»,- ասաց նախարարի տեղակալը:
Նախնական տվյալներով առաջիկա ամիսներին համակարգը կթեստավորվի և ամբողջությամբ կգործարկվի: