չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Ամուլսարի հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր չկան. Աղաջանյան

Ամուլսարի հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր չկան. Աղաջանյան

՛՛Ազատության՛՛Ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման հարցին:

Նա նշեց, որ կառավարության դիրքորոշումը շատ հստակ է հանքի շահագործման համատեքստում, այն է՝ հանքը պետք է շահագործվի, եթե պարզվի, որ անկառավարելի ռիսկեր չկան:

Աղաջանյանի խոսքով՝ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են եղել, և պնդումները, թե կառավարությունն այս հարցում հաշվի չի առնում բնապահպանների կարծիքները, մատոհոգությունները և չի հաղորդակցվում նրանց հետ, առնվազն իրականությանը չի համապատասխանում:

Կառավարության աշխատակազմի ղեկավարն ասաց, որ հարցը երկու կողմ ունի, նաև երկու շահագրգիռ կողմ կա: Նրա խոսքով՝ ինչպես բնապահպանները պնդում են՝ Ամուլսարը սար պետք է լինի, հանքարդյունաբերողները, բերելով հիմնավորումներ, պնդում են, որ հանքը պետք է շահագործվի:

Աղաջանյանն անդրադարձավ նաև մրցույթների ձևական լինելու խնդրին՝ ասելով, որ ձևական մրցույթ չի իրականացվել, դրանք տեսաձայնագրվում են, և բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն մտավախություն, որ մրցույթները ձևական են, հնարավորություն ունեն այդ որոշումները բողոքարկելու՝ ունենալով արձանագրությունները, տեսաձայնագրությունները:

Աղաջանյանն ասաց. ՛՛Իմ կադրային նշանակումների հիմքում երբևէ չի եղել ծանոթ լինելու հանգամանքը, բայց կան նշանակումներ, որոնց հետ նախկինում ունեցել եմ միջանձնային հարաբերություններ, բայց որոշման հիմքում ոչ թե իմ անձնական հարաբերություններն են, այլ տվյալ անձանց պրոֆեսիոնալ պատրաստվածությունը՛՛:

 

 

  • Կիսվել: