կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
«Ակնկալում ենք թիրախավորել ֆինանսավորման հիմնական ուղղությունները». ԱԶԲ ներկայացուցիչը՝ Տիգրան Խաչատրյանին

«Ակնկալում ենք թիրախավորել ֆինանսավորման հիմնական ուղղությունները». ԱԶԲ ներկայացուցիչը՝ Տիգրան Խաչատրյանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) պատվիրակությանը՝  Հայաստանի մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորությամբ։

Պաոլո Սպանտիգատին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար եւ շեշտելով Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության կարեւորությունը, անդրադարձել է ԱԶԲ-ի կողմից իրականացվող տարածաշրջանային աջակցության բազմաոլորտ ծրագրերին։ Նա կարեւորել է ՀՀ կառավարության դերը պետություն-մասնավոր գործընկերության հատվածում եւ նշել․ «Մենք շարունակում ենք ուսումնասիրել այն առաջնային ուղղությունները, որոնց մասով կարող ենք մաքսիմալացնել մեր ներուժային աջակցությունը եւ ակնկալում ենք կառավարության հետ փոխադարձ համագործակցության միջոցով թիրախավորել առաջնահերթությունները եւ ֆինանսավորման հիմնական հնարավոր ուղղությունները»։

Նախարարն իր խոսքում նշել է․ «ԱԶԲ-ն՝ որպես խոշոր ֆինանսական հաստատություներից մեկը, աջակցում է կառավարության ծրագրերի իրականացմանը եւ ներկայում առավելապես ներգրավված է ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման հարցում։ Այս համատեքստում նաեւ կարեւոր է շարունակել քննարկումները մասնավոր հատածի ֆինանսավորման հնարավորությունների ձեւավորման ուղղությամբ»։

Նախարարը նշել է, որ մասնավոր հատվածի հանդեպ բանկի հետաքրքրության մեծացումը թույլ կտա վեր հանել երկրում ինստիտուցիոնալ զարգացման, բաժնետիրական ընկերությունների օրենսդրական կարգավորման հետ կապված խնդիրները՝ ֆինանսական աջակցության երաշխիքների եւ ներդրումների ներգրավման տեսանկյունից։ Նա կարեւորել է նաեւ երկրում կապիտալի շուկայի, հանրային ներդրումների կառավարման համակարգի եւ ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են գործընկերության ռազմավարության մշակման հիմնական ուղղություններին, ՀՀ կառավարությանը պետություն-մասնավոր գործընկերություն հատվածում աջակցության շարունակականության ապահովմանը, հանրային կառավարման արդյունավետության բարձրացմանը, ԱԶԲ պլանավորված քաղաքային կայուն զարգացման ծրագրի տնտեսական բաղադրիչի պատշաճ ապահովման երաշխիքի կարողությունների զարգացմանը, ՓՄՁ-ներին ԱԶԲ աջակցության ընդլայնման հնարավորություններին, գործարար միջավայրը բարելավելու համար տեխնիկական աջակցությանը եւ մի շարք այլ հարցերի:

Նախարարը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության առաջնահերթությունները եւ շեշտել ԱԶԲ-ի հետագա աջակցության եւ փոխադարձ համագործակցության ամրապնդման կարեւորությունը։

Ասիական Զարգացման Բանկը նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ի աջակցության հիմնական գործիքներն են` քաղաքականությունների մշակման շուրջ տարվող երկխոսությունները, վարկավորումը, կապիտալ միջոցների ներդրումները, երաշխիքները, դրամաշնորհները եւ տեխնիկական աջակցությունը:

  • Կիսվել: