ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Աղավնաձորցիները բողոքում են խաղողի ցածր գնից

Աղավնաձորցիները բողոքում են խաղողի ցածր գնից

Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչները բողոքում են խաղողի մթերման ցածր գներից։ Ըստ նրանց՝ այս տարի Պռոշյանի կոնյակի գործարանն առաջարկում է խաղող գնել անցած տարվա համեմատ կրկնակի ցածր գնով։ Այս թեմայով նրանք այսօր բողոքի ցույց էին կազմակերպել:

Ցուցարարները պնդում են, որ անցած տարի Պռոշյանի կոնյակի գործարանը խարջի տեսակի խաղողի 1 կգ-ը գնել է 470 դրամով, իսկ այս տարի առաջարկում է ընդամենը 225 դրամ:

Ընդ որում` գյուղի բնակիչներն իրենք պետք է արտադրանքը տեղափոխեն Արմավիրի մարզ, որտեղ գտնվում է ձեռնարկության մթերման բազան։

Բողոքի ակցիայի մասնակիցները պնդում էին, որ նման պայմաններով իրենց ողջ աշխատանքը ջուրն է ընկնում, և առաջարկում էին խաղողը գնել գոնե 300 դրամով:

Ի նշան բողոքի՝ գյուղի բնակիչները ցանկացել են փակել Երևան-Եղեգնաձոր ճանապարհը, սակայն համայնքի ղեկավարը տարհամոզել է նրանց՝ ասելով, որ ավելի լավ է սպասել հարցի լուծմանը:

Այժմ նրանք սպասում են, թե ինչպես կլուծվի հարցը:

  • Կիսվել: