3 մլն դոլարի դրամաշնորհային ծրագիր՝ Տավուշի եւ Շիրակի մարզերի համար. ովքե՞ր կարող են լինել շահառու
Կառավարությունն իր այսօրվա նիստում հավանություն տվեց «Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրին:
Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի (JFPR) կողմից առաջարկվող3 մլն ԱՄՆ դոլար բյուջեով դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ: Պարենային անվտանգության բարձրացման ծրագիրը (CAFSEP) կենտրոնանալու է ՀՀ երկու մարզերի վրա՝ Շիրակի և Տավուշի, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:
Ծրագրի 3բաղադրիչներն են.
կլիմայի նկատմամբ կայուն էներգետիկ լուծումների ներդնում և հետագա կիրարկում,
Սննդի անվտանգության բարձրացման նպատակով կլիմայական խելացի տեխնոլոգիաների կիրարկում,
Էկոնոմիկայի նախարարության ինստիտուցիոնալ կարողությունների հզորացում կլիմայախելացի գյուղատնտեսական պլանավորման ընդլայնման առումով:
Արդյունքային ցուցանիշներն են՝
Փոքր մասշտաբի արևային ՖՎ(ֆոտովոլտային) կայանների գնումների նախաձեռնում
10 համայնքներում փոքրածավալ արևային ՖՎ կայանների մատակարարում և տեղադրում համայնքային օբյեկտներում՝ 160 քմ տարածքի վրա
Շրջանառու ֆոնդերի ստեղծում, որտեղ արևային ՖՎ կայաններից ստացվող էներգիայի խնայողությունները կներդրվեն այն ենթածրագրերում, որոնք աջակցում են կայուն գյուղատնտեսությանը, պարենային անվտանգությանը:
Առնվազն 2 տեղանքների համար տեխնիկատնտեսական հիմնավորում՝ պոտենցիալ լոգիստիկ հանգույցների ստեղծման համար՝ ներառյալ տեխնիկական, շուկայական և ֆինանսական վերլուծությունների իրականացումը՝ հատուկ ուշադրություն դարձնելով շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանության պահանջներին։
Հնարավոր շահառուն պետք է բավարարի ընտրելիության չափորոշիչներից առնվազն մեկին․ մեկ վաստակող ունեցող տնային տնտեսություն, կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություն, մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխաներ ունեցող տնային տնտեսություններ, հաշմանդամ անձինք տնային տնտեսությունում, տնային տնտեսության տարեց անդամներ, այլ անհրաժեշտ ծախսերը ծածկելու կարողություն։