կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
2023-ին պետգույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 72 տոկոսով

2023-ին պետգույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից ավելի է 72 տոկոսով

Կառավարության՝ մայիսի 23-ի նիստին հաստատվեց Պետական գույքի կառավարման ծրագրի՝ 2023 թվականի տարեկան հաշվետվության մասին որոշման նախագիծը: Այն գործադիրի անդամներին ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ հաշվետվությունը ներառում է Պետական գույքի կառավարման կոմիտեի՝ 2023 թվականի ամբողջ գործունեությունը՝ մասնավորեցումների, լուծարման գործընթացների, գործարքների, օտարումների, վարձակալությունների, ալեհավաքների և մի շարք այլ ծառայությունների, ինչպես նաև ներդրումային մի շարք այլ պարտավորությունների կատարման մասին տեղեկատվությունները:

«Բավականին հաջողված տարի է եղել, որովհետև բոլոր ուղղություններով ունենք ակնհայտ տարբերություններ նախորդ տարվա համեմատ: Մասնավորապես՝ 2023-ի ընթացքում պետական գույքի կառավարումից ստացված միջոցները կազմել են 15,4 մլրդ դրամ, և այս մուտքերը հիմնականում [եղել են] պետբյուջե, համայնքային բյուջեներ և ՊՈԱԿ-ների բյուջեներ: Այս 15,4 միլիարդից 2,2 մլրդ դրամը մուտք է եղել մեր համայնքների բյուջեներ՝ աջակցելով համայնքներին այդ միջոցներով այլ ծրագրեր իրականացնել:

Այս 15,4 միլիարդի բացվածքը հետևյալն է. գույքերի օտարումից՝ 10,6 մլրդ, բաժնեմասի մասնավորեցումից՝ 3,8 մլրդ, վարձակալությունները՝ 673 մլն դրամ, և ալեհավաքները, դրանց տեղադրումը՝ 287 մլն դրամ:

15,4 մլրդ դրամը նախորդ տարվանից ավելի է 6,4 մլրդ դրամով կամ 72 տոկոսով»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ, բացի այս գումարներից՝ գործարքներով ստանձնել են նաև 34 միլիարդ դրամի պարտավորություններ, որպեսզի առաջիկա 5 տարիներին գործընկեր կազմակերպությունները նաև 34 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր իրականացնեն: Օտարվել է 38 գույք, որոնք արդեն որոշակի տնտեսական էֆեկտ են տվել:  

Թեմայի շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը տեղեկացրեց՝ առաջիկայում կգործարկվի օնլայն աճուրդների համակարգը, որտեղ ամփոփված կլինեն պետական՝ շարժական և անշարժ գույքերի օտարման աճուրդային գործընթացները: Մեկ հարթակի միջոցով ներդրողները հնարավորություն կունենան մասնակցել մրցույթներին և օնլայն միջավայրում իրականացնել գործարքներ՝ գույքի հետ կապված:

  • Կիսվել: