կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զորահավաքային ռեսուրսների ներգրավման համակարգը պատերազմի դեպքում թերի էր. Տոնոյան

Զորահավաքային ռեսուրսների ներգրավման համակարգը պատերազմի դեպքում թերի էր. Տոնոյան

Այնպես չի, որ ես բավարարված եմ եղել Զինված ուժերի վիճակով, ԶՈՒ զարգացմանը միտված իմ տեսլականները ես հրապարակել եմ 2018-ին եւ 2020-ին:  Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Զինված ուժերը կենդանի օրգանիզմ է։ Մենք երբ 1992 թվականին ստեղծվեցին Զինված ուժերը, չենք եղել այն մակարդակում, որում եղել ենք 2020 թվականին և եթե չունենայինք 2020 թվականի պատրաստվածության, հագեցվածության վիճակը, հնարավոր է՝ ԶՈՒ-ն Ադրբեջանի կողմից գործողությունների սկսման պարագայում հայտնվեին Ադրբեջանի արևելյան սահմաններին՝ Կասպից ծովի ափերին։ Նորից կրկնում եմ՝ 2018 թվականի մայիսին, երբ ես ստանձնել եմ պաշտոնը, մեր գնահատականը եղել է այն, որ մենք կարող ենք դիմակայել ՀՀ սահմաններին եկող սպառնալիքը և ապահովեինք Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ ինքնորոշման իրավունքը՝  հաշվի առնելով նաև երկրի տնտեսական ու ժողովրդագրական տվյալները։ Մենք դա կարող էինք անել»։

Ինչ վերաբերում է զորահավաքային (մոբ) ռեսուրսներին, ապա Տոնոյանը իրատեսական չի համարել այն մարտավարությունը, որն իրականացվել է. «Ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ զորահավաքային այդպիսի մոտեցում Հայաստանն ի վիճակի չէր անելու։ Այդ իսկ պատճառով  նախապատրաստական փուլում մենք վերանայում էինք ու ակտիվ պահեստազորի, ռեզերվի գաղափարն էինք ներդնում։ Մոբիլիզացիոն և ռեզերվային ուժերի ներգրավումը շատ արդիական է և անհրաժեշտ է այն երկրներում, որոնք ձևավորում են պրոֆեսիոնալ բանակ։ ՀՀ ԶՈՒ համալրումն իրականացվում էր նաև պարտադիր ժամկետային զինծառայողների միջոցով, որը մեծ թվաքանակ էր։ ՀՀ ժողովրդագրական տվյալները իրականում թույլ չէին տալիս զորահավաքի շրջանակներում ներդաշնակված ու մարտունակ ստորաբաժանումներ ներգրավել։ Հետևակի ներգրավումը մարտական գործողություններին, կարծում եմ, 5-րդ, 4-րդ սերնդի պատերազմների պարագայում թերի էր այդ համակարգը»։

  • Կիսվել: