Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան համատեղ խաղաղության հիմնադրամ են նախաձեռնել՝ իսրայելապաղեստինյան հակամարտության՝ երկու պետության սկզբունքով կարգավորմանը նպաստելու համար։ Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն՝ հավելելով, որ հիմնադրամում յուրաքանչյուր երկիր կներդնի 1 միլիոն ֆունտ ստեռլինգ:
Ինչպես հաղորդվում է՝ ըստ Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության՝ հիմնադրամը կկենտրոնանա նոր և առկա ժողովրդական նախագծերի վրա, մասնավորապես՝ այն նախագծերի, որոնք ներառում են երիտասարդական խմբեր, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ և կանանց։
Այս քայլը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեք երկրները Ֆրանսիայի, Նոր Զելանդիայի և Նորվեգիայի հետ միասին այս շաբաթվա սկզբին հայտարարել էին օկուպացված Արևմտյան ափին Իսրայելի նորաբնակների կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրող և ֆինանսավորող ցանցերի դեմ համակարգված պատժամիջոցների մասին։
Աղբյուրն ընդգծում է, որ արևմտյան երկրների արձագանքը հնչել է Արևմտյան ափին իսրայելցիների կողմից անօրինական բնակավայրերի ընդլայնման և բռնության աճի ֆոնին։
«Մերձավոր Արևելքում խաղաղությունը, արդարությունն ու անվտանգությունը կախված են երկու պետության սկզբունքով կարգավորումից, և այդ պատճառով էլ մեր երկրները ճանաչել են Պաղեստինի Պետությունը՝ Իսրայելի Պետության հետ միասին»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերը։
Նշվում է նաև, որ պաղեստինցիներին մարդասիրական աջակցություն տրամադրելուց բացի, նախաձեռնությունը նաև նպատակ ունի ճնշել իսրայելցի նորաբնակներին և աջակցել Գազայում խաղաղություն հաստատելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի 20-կետանոց ծրագրին։



