Նույնիսկ եթե դպրոցում թմրшնյnւթի հետ կապված մեկ դեպք կա, պետք է մինչև վերջ հասկանալ. Անդրեասյան
Իհարկե, դպրոցական էքսկուրսիաները պետք է լինեն առանձնահատուկ հսկողության ներքո, և այստեղ մենք դպրոցների հետ պատշաճ կոմունիկացրել ենք, ու այդ ուշադրությունը վերաբերում է ամեն ինչին՝ սկսած տրանսպորտային միջոցից, որով էքսկուրսիան կազմակերպվում է, մինչև կազմակերպման անվտանգության հետ կապված բոլոր մնացած բաղադրիչները։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով այն դեխքին, երբ Օրգով գյուղի դպրոցի 12–ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել էր հիվանդանոցում, և պարզվել էր, որ նրան մեծ դոզայով թմրանյութ են տվել՝ ենթադրաբար, քացրեղենի միջոցով։
Անդրեասյանը, մասնավորապես, նշեց. «Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, ես պետք է հորդորեմ սպասել փորձաքննության եզրակացությանը, որովհետեւ բոլորս հիշում ենք նախորդ տարի Մխչյանի հետ կապված բավական աղմկահարույց միջադեպը, երբ լրատվամիջոցում տարածվեց տեղեկատվություն, որ թմրամիջոցների հետ կապված իրավիճակ է։ Դրանից մի քանի ամիս անց իրավապահները համապատասխան ուսումնասիրությունների արդյունքում ներկայացրեցին, որ իրականում խոսքը թմրամիջոցների մասին չէ։ Հիմա ես միակ բանը, ինչ բոլորիս խորհուրդ կտամ, նախ սպասելն է փորձաքննության արդյունքներին և եզրակացությանը, երկրորդ առանձնահատուկ նրբանկատություն դրսևորելն է, որովհետև մենք խոսում ենք երեխաների մասին։
Բոլոր այսպիսի դեպքերում մենք պետք է շատ զգույշ լինենք երեխաներին կրկնակի չզոհականացնելու, չպիտակավորելու, նրանց տվյալները և այս ծավալով ու մանրամասնությամբ հանրային քննարկման չդարձնելու, որը կարող է նրանց հետագա ճակատագրի վրա ունենալ բացասական ազդեցություն։
Բայց որ դպրոցական էքսկուրսիաները պետք է լինեն առանձնահատուկ հսկողությամբ իրականացվող, դա միանշանակ է»:
Նախարարը նաև հավելեց, որ պետք չէ սպասել, որ դպրոցում լինեն նման իրավիճակներ կամ էքսկուրսիաներին, որպեսզի հետո դրանցով զբաղվեն. «Մենք պետք է առաջին հերթին քայլեր ձեռնարկենք, որպեսզի նման իրավիճակներ չլինեն և այդտեղ եմ ես տեսնում պետության հիմնական անելիքը, ոչ թե մենք մեզ հանգստացնենք, որ 100-ից մեկ դեպքում է այսպես լինում, հետևաբար վիճակը վատ չի։ Իհարկե վիճակը այդ իմաստով վատ չի, բայց նույնիսկ մեկ դեպքը մեզ համար մտահոգության առարկա է»։



