Փրկարարներն ու ոստիկաններն օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
ՆԳՆ ծառայողները հերթական անգամ բարձր պատրաստվածության և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ արագ արձագանքել են Երևան-Սևան ավտոճանապարհին ստեղծված արտակարգ իրավիճակին՝ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ։
Հունիսի 11-ին՝ ժամը 19։26-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։
Ահազանգից րոպեներ անց դեպքի վայրում էին փրկարարական և ոստիկանական ուժերը։
Վնասվել էր երեք ավտոմեքենա, կային արգելափակված քաղաքացիներ, խաթարվել էր երթևեկության բնականոն ընթացքը։
Ծառայողներն անմիջապես սահմանազատել են տարածքը, կանխել քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքը վտանգավոր հատված։ Երթևեկությունը կազմակերպվել է հանդիպակաց ուղղությամբ՝ մեկ գոտիով։
Ոստիկանների և փրկարարական ծառայողների օպերատիվ արձագանքի և իրավիճակի ճշգրիտ գնահատման շնորհիվ քաղաքացիները դուրս են բերվել անվտանգ տարածք։ Մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս գրվել։
Իրականացվել են քննչական գործողություններ, դեպքի վայրում կատարվել են նմուշառումներ։ Նմուշառումներ կատարելու նպատակով արգելափակված մեքենաները դեռ փլուզված հատվածում են։ Սահմանվել է հերթապահություն։ Պարեկային ծառայողները շարունակում են կարգավորել միակողմանի երթևեկությունը։
Քաղաքացիների անվտանգությունը ՆԳՆ ծառայողների ամենօրյա ծառայության առանցքում է՝ անկախ ժամանակից, վայրից, իրավիճակից։



