Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածների հանդեպ իրականացված ոտնձգություններից հետո ստեղծված իրադրությունը դեռևս չի հանգուցալուծվել. ՊՆ
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարևորում են իրադրության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, այդուհանդերձ, ևս մեկ անգամ հայտարարում, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, և ադրբեջանական կողմը պարտավոր է առանց նախապայմանների վերադառնալ իր ելման դիրքեր։
Հարկ ենք համարում նշել, որ բոլոր երեք ուղղություններում, որտեղ ադրբեջանական զինուժը փորձել է դիրքային առաջխաղացում ապահովել, թե՛ ամբողջ տարածքը, թե՛ իրենք՝ զինվորականները, և թե՛ նրանց ապահովման ուղիները գտնվում են հայկական զինված ուժերի լիարժեք վերահսկողության տակ։
Ակնկալվում է, որ խնդրի խաղաղ հանգուցալուծման նպատակով դեռևս մայիսի 12-ից սկսված բանակցությունները կշարունակվեն այսօր:
Հաշվի առնելով ստեղծված իրադրության շուրջ համացանցում և տարբեր լրատվամիջոցներում տարածվող ապատեղեկատվության մեծ ծավալը, ևս մեկ անգամ կոչ ենք անում ձեռնպահ մնալ չստուգված, առավել ևս կեղծ տեղեկություններ տարածելուց: Պաշտպանության նախարարությունը, օրվա ընթացքում, պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ համապատասխան պարզաբանումներով: