Տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներն այցելել են COP17-ի «Կապույտ» գոտի և Հայաստանի ազգային տաղավար
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության նախաձեռնությամբ 2026 թվականի հոկտեմբերի 31-ին կազմակերպվել է տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների և միությունների անդամ կազմակերպությունների ղեկավարների այցը COP17-ի անցկացման պաշոնական պատվիրակությունների “Կապույտ” գոտու տարածք և Հայաստանի ազգային տաղավար։
Նախաձեռնությունը ընդունել և այցին մասնակցել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ), Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ), Ինժեներական ասոցիացիայի և «Ստարտափ Արմենիա»-ի ներկայացուցիչները։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանի ուղեկցությամբ մասնակիցները շրջայց են կատարել համաժողովի ամբողջ տարածքում՝ ծանոթանալով կազմակերպման առանձնահատկություններին, ենթակառուցվածքներին, տեխնիկական հնարավորություններին և միջոցառումների անցկացման համար ստեղծված պայմաններին։
Այցի նպատակներից էր տեխնոլոգիական համայնքին ներկայացնել համաժողովի կազմակերպման ուղղությամբ ՀՀ կառավարության՝ մասնավորապես Շրջակա միջավայրի, Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունների իրականացրած աշխատանքի ծավալն ու մասշտաբը, ինչպես նաև ստեղծված հնարավորությունների հետագա օգտագործման ներուժը։

Շրջայցի շրջանակում մասնակիցները հատուկ այցելել են COP17-ի Կապույտ գոտում տեղակայված Հայաստանի ազգային տաղավար՝ ծանոթանալով դրա հայեցակարգին, բովանդակությանը և ցուցադրություններին։ Տաղավարը մեծ հավանության է արժանացել այցի բոլոր մասնակիցների կողմից։
Հայաստանի ազգային տաղավարը երկրի բնական և պատմամշակութային հարստությունն ու ազգային ինքնությունը միջազգային հանրությանը ներկայացնելու կարևոր հարթակ է։ Այստեղ ներկայացված են Հայաստանի բնության, կենդանական աշխարհի, ջրային պաշարների և պատմամշակութային ժառանգության առանձնահատկությունները։ Մասնավորապես, ցուցադրություններն անդրադառնում են «Քարերի սիմֆոնիային», Զվարթնոցի պատմական քարերին և Սևանա լճին։ Բնօրինակներին նմանակող ցուցանմուշներն այցելուներին հնարավորություն են տալիս առավել պատկերավոր ծանոթանալու Հայաստանի բնական ու մշակութային ժառանգությանը։
Մասնակիցները ծանոթացել են նաև ազգային տաղավարի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ցուցադրությունների ձևավորման և կազմակերպման առանձնահատկություններին։ Կարևորվել են բնական ու մշակութային ժառանգությունը ժամանակակից ներկայացման մոտեցումների և նորարարական լուծումների միջոցով հանրահռչակելու հնարավորությունները։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը 2024 թվականի նոյեմբերից իր լիազորությունների շրջանակում ներգրավված է եղել COP17 համաժողովի կազմակերպման միջգերատեսչական աշխատանքներում
Այցի ընթացքում քննարկվել են համաժողովի համար ստեղծված տարածքն ու ենթակառուցվածքները Հայաստանում պարբերաբար կազմակերպվող խոշոր տեխնոլոգիական միջոցառումների և այլ միջազգային նախաձեռնությունների շրջանակում օգտագործելու հեռանկարները։ Ընդգծվել է, որ տաղավարի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, մշակութային ժառանգությունն ու ազգային ինքնությունը համադրված ներկայացնելու առավել գրավիչ ձևաչափերի մշակման համար։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը հաջողություն է մաղթել նոյեմբերի 3-4-ին անցկացվելիք «Սիլիկոնյան սարեր» (Silicon Mountains) գագաթնաժողովի և տեխնոլոգիական ցուցահանդեսի, ինչպես նաև նոյեմբերի 20–23-ը COP17-ի անցկացման նույն տարածքում կայանալիք «Դիջիթեք» (DigiTec) ցուցահանդեսի կազմակերպիչներին։
Նախաձեռնությունը միտված է տեխնոլոգիական համայնքի ներգրավվածության ընդլայնմանը, միջազգային միջոցառումների կազմակերպման փորձի փոխանակմանը և Հայաստանում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։



