ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՍՈւ–երի համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից. Տոնոյանը վստահ է` գնումը ճիշտ էր

ՍՈւ–երի համար ոչ մի լումա չի ծախսվել ՀՀ պետբյուջեից. Տոնոյանը վստահ է` գնումը ճիշտ էր

44-օրյա պատերազմի օրերին «ՍՈԻ-30» կործանիչներն ինչո՞ւ մարտական թռիչքներ չիրականացրին։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ 2020-ի նոյեմբերի սկզբին իրեն զեկուցել են, որ «ՍՈԻ-30»-ներն անցել են մարտական հերթապահության, քանի որ որոշակի հրթիռների համալրում է իրականացվել։

«ՍՈՒ-30-ները բազմաֆունկցիոնալ միջոցներ էին, որոնք ունեին և՛ գրոհային, և՛ կործանիչ գործառույթ։ Գրոհային գործառույթների առումով մենք, սպառազինության հետ կապված, գոնե սկզբնական փուլի 1-2 օրվա մարտական գործողությունների վարման առումով, հագեցվածություն ունեինք նաև այն հրթիռների, որոնք հիմա ժողովրդի մեջ կոչվում են «անպիտան», «ժանգոտված» կամ չգիտեմ ինչ։ Այդ հրթիռները կիրառվել են նաև «ՍՈՒ-30»-ների ուսումնական թռիչքների ժամանակ և խոցել են թիրախները»,- ասաց նախկին նախարարը։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք «ՍՈՒ-30»-ների ձեռքբերումը հիմնավորվա՞ծ էր, Տոնոյանը հռետորական հարցով պատասխանեց՝ այդ ի՞նչ միջոցներ պետք է ձեռք բերվեին, որ «ՍՈՒ-30»-ների ձեռքբերումը հիմնավորված չէր։

«Հակառակորդի հետ համեմատության մեջ՝ կործանիչների գործառույթի, այսինքն՝ «ՍՈՒ-30»-ների՝ իրենց կործանիչ բաղադրիչի հետ կապված, զրոյական վիճակ ունեինք։ Մեծ հեռավորությունների վրա այն հնարավորությունները, որոնք ունեին «ՍՈՒ-30»-ները, ճշգրիտ կառավարվող հրթիռներով խոցելու հակառակորդին և հակառակորդի միջոցները, ենթակառուցվածքները, մենք այդպիսի կարողություն ընդհանրապես զինված ուժերում չենք ունեցել։ Եվ ես պնդում եմ, որ «ՍՈԻ-30»-ների ձեռքբերումը նաև ապագայի ձեռքբերում է, և դա ընդհանրապես մեր ԶՈՒ-ն upgrade արեց, այսինքն՝ բարձրացրեց մեր ԶՈՒ-ի մակարդակը»,- ասաց նա:

Պաշտպանության նախկին նախարարը նաև հիշեց, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին Մոսկվայում պայմանագիր է կնքվել ՍՈՒ-25 ինքնաթիռների արդիականացիման վերաբերյալ, որը պետք է իրականացվեր 3 տարում, բայց նաև հավելեց, որ տեղյակ չէ՝ այդ գործընթացը հիմա շարունակվո՞ւմ է։

«3 տարվա մեջ մենք արդեն պետք է ունենայինք որոշակի առաջախաղացում այդ հարցում: Հնարավոր է՝ ռազմական գործողությունները և Ռուսաստանի կողմից տարվող հատուկ գործողությունները (Ուկրաինայում - խմբ․) որոշակի խոչընդոտներ են առաջացրել»,- ասաց Տոնոյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ հարցում է արվել, և հետաքրքրվել են, թե «ՍՈՒ-30»-ը պատերազմի ընթացքում ինչ գործողություն է արել, ու պարզվել է, որ ընդամենը 1 հետախուզական թռիչք է իրականացրել:

Դավիթ Տոնոյանը, սակայն, «Սու-30»-ների թռիչքների թվի մասով այդպես էլ հստակ տեղեկատվություն չտվեց:

ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ «Սու-30»-ների թեման կպարզաբանվի փակ ձևաչափով քննարկման ժամանակ:

  • Կիսվել: