ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները

Պաշտպանության նախարարների խորհուրդն անհրաժեշտ է համարում փոխել ՀԱՊԿ-ի և անդամ երկրների իրավական բազաները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի գործադրման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունը։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր Խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։

Նա նշել է, որ անցկացված նիստի ձևաչափը, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրա գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը և Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը, հնարավորություն ընձեռեց՝ կատարելու կազմակերպության գործունեության միջանկյալ ամփոփում, մշակելու կազմակերպության ռազմական բաղադրիչի զարգացման նոր ձևեր և եղանակներ:

«Բացի դրանից, մենք  գործընկերների հետ քննարկեցինք ծագած մարտահրավերներին և սպառնալիքներին ճգնաժամային արձագանքման միջոցների արդյունավետության բարձրացման հարցերը», - հայտնել է  նախարարը։

Բելառուսի ՊՆ մամուլի ծառայությունը նաև տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ի Պաշտպանության նախարարների խորհրդի նիստում քննարկվել և հաստատվել է  2024 թվականին հավաքական անվտանգության համակարգի ուժերի ու միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների համատեղ պատրաստման պլանը, որի ամենանշանակալի իրադարձություններն են համատեղ հրամանատարաշտաբային և հատուկ զորավարժությունները Հավաքական ուժերի հետ։ Հաստատվել է նաև մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների համատեղ պատրաստման միջոցառումների ցանկը:

Բացի դրանից, Խորհուրդը որոշել է մի շարք փոփոխություններ կատարել 2023 թվականին ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների համատեղ պատրաստության պլանում։ Պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները հաստատել են ՀԱՊԿ հավաքական ուժերի ապահովման համար նյութական միջոցների պաշարների մասին դրույթը և զինված ուժերի մատակարման իրերի կատալոգավորման միջպետական ​​համակարգի մեթոդական փաստաթղթերը:

«Պաշտպանության նախարարների խորհուրդը որոշել է Հավաքական անվտանգության խորհրդին ներկայացնել «Միասին հանուն խաղաղության» մեդալի հաստատման փաստաթղթերը՝ այն անձանց պարգևատրման համար, որոնք ավանդ են ներդրել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության բնագավառում», - տեղեկացրել են մամուլի ծառայությունում։

Բացի Բելառուսից, որը 2023 թվականին նախագահում է ՀԱՊԿ-ում, կազմակերպության մեջ են մտնում Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

  • Կիսվել: