ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթաժողովը. միջոցառումն առաջին անգամ անցկացվում է առանց Հայաստանի մասնակցության

Մինսկում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթաժողովը. միջոցառումն առաջին անգամ անցկացվում է առանց Հայաստանի մասնակցության

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթաժողովը մեկնարկել է Անկախության պալատում, տեղեկացրել է ԲԵԼՏԱ-ն։

Հանդիսավոր արարողությունների սրահում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դիմավորել է գագաթաժողովի մասնակից երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի նախագահներին։ Համատեղ լուսանկարվելուց հետո երկրների ղեկավարները Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ կանցկացնեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։

Մինսկի գագաթաժողովին չի մասնակցում միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին հայտնի էր դարձել ավելի վաղ։ Հայաստանի վարչապետն արդեն առաջին անգամ չէ, որ հրաժարվում է մասնակցել ինտեգրացիոն միջոցառումներին։ Հոկտեմբերին նա բաց էր թողել ԱՊՀ գագաթաժողովը Տաշքենդում։

Նախատեսվում է, որ նեղ կազմով պետությունների ղեկավարները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ խնդիրները, կամփոփեն ՀԱՊԿ նստաշրջանների միջեւ ընկած ժամանակաշրջանի  գործունեության արդյունքները։ Նախագահները կլսեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, կարծիքներ կփոխանակեն։

Լիագումար նիստում ելույթ կունենա Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, որը կներկայացնի կազմակերպության գերակա ուղղությունները ՀԱՊԿ-ում իր երկրի նախագահության ընթացքում։

Ակնկալվում է, որ գագաթաժողովի արդյունքներով երկրների ղեկավարները կստորագրեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) Հռչակագիրը։ Փաստաթղթերի շարքում կստորագրվեն նաեւ ՀԱԽ մի շարք որոշումներ, որոնք վերաբերում են ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, կազմակերպության միավորված մամուլի կենտրոնի աշխատանքին, «Միասին դեպի խաղաղություն» մեդալի ստեղծմանը, ՀԱՊԿ բյուջեին։

Ակնկալվում է, որ պետությունների ղեկավարները որոշումներ կընդունեն նաեւ ՀԱՊԿ Միավորված շտաբի պետի պաշտոնի թեկնածուի, Միավորված շտաբի կառուցվածքի, Քարտուղարության պաշտոնների բաշխման, ՀԱՊԿ պարգեւներով պարգեւատրման, ինչպես նաեւ կազմակերպության նախագահության, ՀԱԽ հերթական նստաշրջանի անցկացման ժամանակի եւ տեղի մասին։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: