ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն մենք չլսեցինք․ Սիմոնյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշման մասին

Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն մենք չլսեցինք․ Սիմոնյանը՝ ՀԱՊԿ նիստին չմասնակցելու որոշման մասին

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի արտահերթ, ինչպես նաև վեհաժողովի լիագումար նիստին։

 Սիմոնյանն ընդգծել է, որ այդ նիստերին մասնակցելու իմաստ չի տեսնում։

«Կան չլուծված հարցեր, մարդիկ իրենց պարտավորությունները չեն կատարում: Մենք լսում ենք, որ միայն  Հայաստանի ուղղությամբ է հոխորտանք հնչում, այնինչ, եթե մենք նայենք, օրինակ, 2020 թվականին նոյեմբերի 9-ից այս կողմ, ադրբեջանական կողմը՝ որպես Ռուսաստանի դաշնակից,  բազմաթիվ անգամներ շատ-շատ վատ է դրսևորել իրեն՝ սկսած ռուս զինվորներին սպանելուց, վերջացրած պայմանավորվածությունները խախտելուց: Այսինքն՝ Ադրբեջանն ինչ ուզել, մեր տարածաշրջանում արել է, և Ռուսաստանը կա՛մ չի արձագանքել, կա՛մ չի կարողացել դա անել»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահը հիշեցրեց՝ ռուսական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել, երբ Հայաստանը հումանիտար օգնություն էր ուղարկել Ուկրաինա, այնինչ ադրբեջանական կողմը բազմաթիվ անգամ նման օգնություն է ուղարկել, բազմիցս Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին նախագահին:

«Բայց Ռուսաստանի «արդարացի» ԱԳՆ-ից ոչ մի ծպտուն մենք չլսեցինք: Խախտվել է նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, խախտվել են ներքին պայմանավորվածությունները, գերիների վերադարձի պայմանավորվածությունը և այլն: Բայց Ռուսաստանը, ցավոք սրտի, Հայաստանի պարագայում շատ ցավոտ է արձագանքում, իսկ Ադրբեջանի պարագայում, իմ կարծիքով, կամ չի կարողանում, կամ ձև է անում, որ չի նկատել, որպեսզի դեմքը պահպանի վատ խաղի ժամանակ»,-ասաց Սիմոնյանը:

  • Կիսվել: