հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Որոշակի զորք հանել է Ադրբեջանը, բայց խնդիրը չենք համարում կարգավորված. Գրիգորյան

Որոշակի զորք հանել է Ադրբեջանը, բայց խնդիրը չենք համարում կարգավորված. Գրիգորյան

Բոլոր հարցերը արդեն հարթվել են, չէինք ասի, որ ամբողջովին կարգավորված է, բախում չի եղել, բայց կարող ենք ասել, որ այդ իրավիճակը հանդարտվել է։ Այս մասին այսօր Հանրային ՀԸ-ի եթերում, խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին, ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ սա գլոբալ գործընթաց է, որով մարտահրավեր է նետվում նոյեմբերի 9-ի հայտարարությանը և, ըստ Գրիգորյանի, տորպեդահարվում է ամբողջ ապաշրջափակման գործընթացը:

ԱԽ քարտուղարն ասաց, որ այս առումով ՀՀ իշխանություններն ընտրել ենք դիվանագիտական քաղաքական ճանապարհով հարցը լուծելու ճանապարհը:

՛՛Մինչ այս պահը իրավիճակը չի սրվել, նկատի ունեմ, որ ոչ մի կրակոց չի հնչել՛՛,-վստահեցրեց նա:

Ըստ Գրիգորյանի՝ Հայաստանի և Ռուսաստանի մոտ առկա քարտեզների համաձայն՝ այդ ամբողջ տարածքները մերն են։ Նա նշեց. ՛՛Մեր շահերից է բխում, որ սահմանը հստակեցվի՝ գոյություն ունեցող քարտեզների և բանակցությունների միջոցով, և այս հարցի լուծումը տեսնում ենք եռաչափ ձևաչափով՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան՛՛։

Գրիգորյանն անդրադարձավ Սյունիքի մարզին՝ ասելով, որ պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանը հետ քաշվի, բայց այդ պայմանավորվածությունը մինչ այս պահը ամբողջությամբ չի կատարվել։

՛՛Մեզ համար շատ կարևոր և սկզբունքային դիրքորոշում է, որ Ադրբեջանը պետք է վերադառնա ելման կետ։ Որոշակի զորք հանել է Ադրբեջանը, բայց խնդիրը չենք համարում կարգավորված՛՛,–ասաց նա:

ԱԽ քարտուղարը նշեց նաև, որ եթե ադրբեջանական զորքը չվերադառնա ելման կետ, Հայաստանը ստիպված է լինելու այլ գործիքներ կիրառել և ներգրավել դաշնակիցներին։

Նա  վստահեցրեց նաև, որ այս բանակցությունները միայն ա՛յս խնդրի մասին են, դրանք չեն կարող փոխկապակցվել ցանկացած այլ հարցի հետ՝ դա կլինի Ղարաբաղ, թե ապաշրջափակում. ՛՛Սա առանձին խնդիր է և առանձին պետք է լուծվի՛՛:

Գրիգորյանը խոսեց նաև Ադրբեջանի ներկայացրած քարտեզի մասին և ասաց, որ ցանկացած թուղթ քարտեզ չէ. ՛՛Ադրբեջանի ցույց տվածը քարտեզ անվանելը մասնագիտորեն մեղք է, Ադրբեջանը թուղթ է ցույց տալիս, մենք այդպիսի շատ թղթեր կարող ենք տպել ու ցույց տալ՛՛:

ԱԽ քարտուղարն անդրադարձավ նաև առաջնագծի կահավորմանը, մասնավորապես՝ Սյունիքի այն հատվածի, որտեղով հակառակորդն անցել է ՀՀ տարածք: Այս առնչությամբ նա ասաց, որ բոլոր կետերը ստրատեգիական են։

Գրիգորյանը նշեց. ՛՛Նախ՝ այդ կետի մասով. ոչ միայն մենք այդտեղ աշխատանքներ չենք կատարել, ադրբեջանցիներն էլ չեն կատարել։ Հայաստանի սահմանը Ադրբեջանի հետ ընդլայնվել է, շատ մեծ սահման է դարձել, Պաշտպանության նախարարությունը լայնածավալ աշխատանքներ է կատարում սահմանը կահավորելու համար։ Այնտեղ զինված զինվորականներ են եկել, զինտեխնիկա չկա։

Ընդհանուր գնահատում էլ է կատարվել Պաշտպանության նախարարության կողմից, թե որ կետերն են հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման համար, և կահավորումներ այդ մասում կատարվել են, բայց այս մասում գնահատական չի եղել, և ընդհանրապես այնտեղ ռազմական տեխնիկա բերելու հնարավորություն չկա՛՛:

 

  • Կիսվել: