կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Օրերս Ադրբեջանից վերադարձած ռազմագերիները ակներև ֆիզիկական գանգատներ չունեն, սակայն գտնվում են բավական ծանր հոգեբանական վիճակում

Օրերս Ադրբեջանից վերադարձած ռազմագերիները ակներև ֆիզիկական գանգատներ չունեն, սակայն գտնվում են բավական ծանր հոգեբանական վիճակում

Օրերս Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների մոտ ակներև ֆիզիկական խնդիրներ այս պահի դրությամբ չկան, սակայն ակնհայտ է, որ նրանք գտնվում են հոգեբանական ծանր վիճակում:

Այս մասին Infoport.am-ի հետ զրույցում պատմեցին գերությունից վերադարձած տղաների հարազատները: Նրանք նշեցին, որ տղաները հաճախակի տրամադրության փոփոխություն են ունենում, էմոցիոնալ են դարձել, դյուրագրգիռ, երբեմն էլ ընկնում են ապատիայի մեջ:

«Վախենում ենք ավել մի հարց տանք գերության ժամանակահատվածից, որ ապրումները էլ ավելի չխորանան: Անգամ մտերիմների պարզ հարցերին են կաշկանդված պատասխանում»,- պատմեց ծնողներից մեկը: Ծնողների համար այս պահին մի բան է առաջնային` տղաների բնականոն կյանք վերադառնալն է: Ծնողները նաև նշեցին, որ տղաները արդեն հարցաքննվել են վկայի և տուժողի կարգավիճակով, սակայն նրանց քննչական մարմիններում հրահանգել են` հարցաքննության մանրամասները հրապարակման ենթական չեն:

Նշենք, որ օրերս Ադրբեջանական գերությունից վերադարձան ևս հինգ հայ զինծառայող, որոնք Բաքվում դատապարտվել էին չորս և ավելի տարվա ազատազրկման, սակայն ադրբեջանական դատարանի մի քանի օր առաջ մեղմել է նրանց պատիժները և նրանք հայրենադարձվել են:

Ռազմագերիներից չորսը Շիրակի մարզից էին, գերեվարվել էին Արցախի Խծաբերդի դիրքերից 44-օրյա պատերազմի ավարտից հետո, իսկ մեկը` 2021-ի նոյեմբերի 16-ին` Սյունիքի Իշխանասարի հատվածում իրավիճակի սրման ժամանակ:

  • Կիսվել: