Նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք․ Տոնոյանը՝ Պապիկյանի մասին
Նախարարի հրաժարականի հանրային պահանջ կա, քաղաքական որոշում է պետք։ Այս մասին Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանությյան նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ խոսելով բանակում ինքնասպանությունների ու սպանությունների մասին։
«Բանակում ինքնասպանությունների պարագայում գտնում եմ, որ պետք է մի քիչ ավելի զգույշ լինել և ավելի շատ աշխատել, այլ ոչ թե պաշտոնանկությունների միջոցով լուծումներ տալ»,- ասել է նա։
Հարցին՝ իրավաչափ է համարո՞ւմ, որ այդ դեպքերի հետևանքով հենց նախարարը պիտի հրաժարական տա, Տոնոյանը պատասխանեց․
«Նախարարի հրաժարականը վարչապետի ու նախարարի դաշտում է գտնվում։ Եթե իրենք գտնում են, որ քաղաքական առումով դրա անհրաժեշտությունը կա՝ որոշումը կկայացնեն, ուրեմն չեն տեսնում քաղաքական այդպիսի որոշում։ Հանրային պահանջը կա, բայց հանրային պահանջն էլ այնպես չէ, որ պետք է համեմատական անել այլոց աշխատանքի հետ, այլոց վիճակագրության հետ: Իմ պաշտոնավարման ժամանակ երևի մի երեք անգամ հանրային դաշտում անընդհատ պաշտոնանկ եմ եղել, ցույցեր են եղել, ամեն ինչ եղել է, դա քաղաքական որոշման խնդիր է»,- նշել է նախկին նախարարը։



