ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Մենք չպետք է հուսահատվենք, անհույս ու բարձիթող վիճակի մեջ թողնենք մեր երկիրը․ Սասուն Միքայելյան

Մենք չպետք է հուսահատվենք, անհույս ու բարձիթող վիճակի մեջ թողնենք մեր երկիրը․ Սասուն Միքայելյան

 Գնում է բանակցային գործընթաց՝ խաղաղության համար։ Այսօր մենք, մեր զինված ուժերը, մեր պետությունն այդ աստիճանի հզոր չենք, որ կարանանք ինչ-որ զենքի, ուժի միջոցով արդյունքի հասնենք։ Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ամեն ինչի համաձայնվենք և սուս ու փուս ինչ ասեն, անենք։ Դրա համար մեզ հզորանալ է պետք, մենք էդ ենք անում երկրապահներս։  Այս մասին ասյօր Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով անվտանգային հարցերին՝ ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։  

Սասուն Միքայելյանի խոսքով՝ մենք այսօր ազգովի դժվար կացության մեջ ենք, պետք է այս ամենից դուրս գանք, համախմբվենք, որ հետագայում ավելի մեծ պրոբլեմներ չունենանք, չկորցնենք մեր անկախությունը․ «Ես հուսը չեմ կորցնում, որ մենք նորից կվերադառնանք այնտեղ, որտեղ մեր տղերքը նահատակվեցին։ Ես մեր ժողովրդին համախմբվածություն եմ ցանկանում։ Երբ մենք պատմականորեն համախմբված ենք եղել, հաղթանակներ ենք տարել։ Մենք չպետք է հուսահատվենք, անհույս ու բարձիթող վիճակի մեջ թողնենք մեր երկիրը։ Շատ լուրջ ժամանակներ ենք ապրում, հավատի կորուստը զենք է, որը շատ վտանգավոր է ազգի գոյատևման, անկախության կորստի համար»։

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ Սասուն Միքայելյանն ասաց․ «Ես ամիսներ առաջ գնացել եմ Գորիս-Կապան, էն ինչ տեսել եմ, մեր ժողովրդին բացահայտ ասել եմ։ Եվ տեսաք՝ կամաց-կամաց եկանք հասանք դրան։ Իսկ ինչ վերաբերում է իշխանությանը, էսօր կարա՞ք ինձ բացատրեք, որ կա մի իշխանություն, որ գա ասի՝ էս-էս քայլերը կանենք կամ էս տարածքները հետ կվերցնենք, և ես չկանգնեմ նրա կողքին»։

Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական հայտարարություններին «Զանգեզուրի միջանցքի» մասին, Միքայելյանն ասաց․ «Վարչապետն անձամբ նշել է, որ նման բան չկա, դրա համար մենք էսօր պիտի պինդ լինենք, ամուր լինենք։ Մեր բանակը պիտի կայանա, զարգանա, ուժեղի հետ են միշտ հաշվի նստում։ Մենք ոտնատակ կլինենք, եթե խելոք չլինենք։ Ես պարզ ասում եմ, որ կարող են մի օր հարձակվեն Հայաստանի Հանրապետության վրա։ Եթե մենք այսօր մի հատ գիծ ենք բռնել, որ հզոր չես, գնում ենք բանակցային ու խաղաղության ճանապարհով, մենք չպիտի խանգարենք։ Բայց նաև պիտի թույլ չտանք, որ բանակցողն իր ուզած ձևով ոնց ուզում ա անի, ով ուզում ա լինի»։

  • Կիսվել: